ԱԱԾ-ի նամակը Ոստիկանությանը դատախազները թաքցրել են․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօրվա դատական նիստին ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ Ազգային անվտանգության ծառայության՝ 2008 թվականի փետրվարի 28-ի նամակը ոստիկանությանը, որը հիմք է եղել Ազատության հրապարակում ոստիկանական գործողությունների համար, դատախազները թաքցրել են։

«Կալանավորման հետ կապված բոլոր գործընթացներում այդ նամակը թաքցրել էին դատավորներից։ Մենք դա հայտնաբերել ենք գործի նյութերը ստանալուց հետո։ Կարևոր է այն փաստը, որ քննիչի և դատախազի կողմից այդ նամակը թաքցրել են, և պաշտպանական կողմը հնարավորություն չի ունեցել այդ հարցի շուրջ դիրքորոշում հայտնել»,- նշեց նա։

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Քոչարյանի պնդմամբ՝ պաշտպանական կողմին չեն ներկայացվել նաև ԱԱԾ-ի կողմից փետրվարի 24-ից մինչև մարտի 2-ը 300-350 էջ հավաքված նյութեր։

«Այս ամբողջ քրեական գործում ևս մեկ բան՝ ԱԱԾ-ից հարցաքննվել է միայն մեկ մարդ։ 800-ից ավելի մարդ են կանչելու որպես վկա, բայց միայն մեկ մարդ է ԱԱԾ-ից։ Սա ասում եմ՝ ուղղակի, որ գործի որակից պատկերացում ունենաք հենց այս փուլում», – հայտարարեց Քոչարյանը՝ դիմելով նիստը նախագահող դատավորին։

 

Նմանատիպ գրառումներ