Քաղաքականություն

Ադրբեջանական «հեղափոխությունը» տեղի կունենա առանց Ալիևի՞


Hraparak.am-ը գրում է․

Երեկվանից ադրբեջանական մամուլում տագնապ է: Ռուսաստանի կառավարության հրաժարականը, սահմանադրական փոփոխությունների եւ իշխանության բաժանման մասին ՌԴ նախագահ Պուտինի հայտարարությունը, երեւում է, խիստ անհանգստություն են հարուցել Ալիեւի մոտ: Ռուսաստանի եւ Ադրբեջանի կառավարման համակարգի, երկու նախագահների քաղաքական կենսագրության նմանությունն ակնհայտ է: Պուտին-Ալիեւ անձնական բարեկամության արշալույսին ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն տվել է հստակ բացատրություն. «Նրենք երկուսն էլ դուրս են եկել կոմկուս-ՊԱԿ-ի շինելից»: Ռուսաստանում փոփոխություններն, անկասկած, ազդեցություն են թողնելու Ադրբեջանում: Բաքվում հասկանում են, որ ուշացել են հարեւաններից՝ Վրաստանից եւ Հայաստանից՝ Արցախը ներառյալ: Եւ հիմա մտասեւեռվել են մի գաղափարի վրա, որ «հեռանալով՝ Պուտինը կմնա Ռուսաստանի առաջնորդ»: Խոսքն այն մասին է, որ Պուտինի ծրագրմամբ պետք է ստեղծվի իշխանության սահմանադրական մարմին՝ Պետական խորհուրդ, որը նա կգլխավորի 2024թ.-ից հետո: Ավելի վաղ, նախագահի պաշտոնում երրորդ ժամկետով Ալիեւի «ընտրությունից» հետո ադրբեջանական փորձագիտական շրջանակներից մամուլ տեղեկություն էր սպրդել, որ իշխանությունը քննարկում է սահմանադրությամբ «համազգային առաջնորդի» կարգավիճակ սահմանելու հարցը: Կար տպավորություն, որ Ալիեւն այդ ձեւով նախապատրաստում է իշխանությունից ֆորմալ առումով հեռանալու դեպքում կառավարման լծակներն իր ձեռքում պահելու իրավական հիմքեր:

Ոչ ոք չի կասկածում, որ Ռուսաստանում սահմանադրական փոփոխություններ կիրականացվեն իշխանափոխությունը հնարավորինս սահուն եւ անցնցում իրականացնելու համար: Եւ դեռ հարց է՝ Պուտինին կհաջողվի՞ հետնախագահական շրջանում պահպանել ազդեցությունը: Ղազախստանի օրինակը ցույց է տալիս, որ «երկիշխանությունը» կարող է բերել ներքին լարվածության: Դա, իհարկե, ապագայի հարց է: Փաստ է, որ Ռուսաստանում քաղաքական բարեփոխումները մտահոգել են Իլհամ Ալիեւին: Առջեւում Միլլի մեջլիսի արտահերթ ընտրություններն են: Խորհրդարանի 125 տեղերի համար «Մուսավաթն» առաջադրել է 81, ReAl շարժումը՝ 31 թեկնածու: Ընդհանուր առմամբ առաջադրվել է պատգամավորի 2000 թեկնածու, նրանցից 1074-ը հաղթահարել է բյուրոկրատական բոլոր խոչընդոտները եւ ԿԸՀ կողմից պաշտոնապես գրանցում ստացել: Սա 2005թ. խորհրդարանական ընտրություններից հետո աննախադեպ երեւույթ է: Ամենայն հավանականությամբ, Ալիեւը նաեւ զգուշանում է, որ Ռուսաստանում բարեփոխումների անոնսավորումը կարող է ազդակ լինել ադրբեջանական ընդդիմության եւ առհասարակ հանրության համար: Անընդմեջ շեշտադրելով, որ Պուտինը չի թողնի կառավարման սանձերը, Ալիեւը, կարծես, սեփական հանրությանն ուղերձ է հղում, որ չի պատրաստվում ոչինչ զիջել: Չէր պատրաստվում նաեւ Ռուսաստանի նախագահը, հանգամանքներն ստիպեցին: Եւ բացառված չէ, որ համառելու դեպքում ադրբեջանական «հեղափոխությունը» տեղի կունենա առանց Ալիեւի մասնակցության:

Նյութի աղբյուր՝ https://hraparak.am/post/3c48674f7caa1e515dc718f949df5c1c

Առնչվող Հոդվածներ