Ադրբեջանը փորձում է նոր դիրքեր գրավել, բայց չի ստացվում. գնդապետ

ՀՀ ՊՆ հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար Անդրանիկ Փիլոյանը պատասխանեց Sputnik Արմենիայի հարցին, որը վերաբերում էր հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Հայ–ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում իրավիճակը հանգիստ է։ Այսօր լրագրողներին այս մասին հայտնեց ՀՀ ՊՆ հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Անդրանիկ Փիլոյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

Նա ասաց, որ ի տարբերություն անցած տարվա, երբ հակառակորդը որոշ տեղերում առաջ էր շարժվել, այս տարի շփման գիծը կայուն է։

«Իհարկե, հակառակորդը հիմա էլ ձգտում է, ժամանակ առ ժամանակ փորձում է նոր դիրքեր գրավել, սակայն այդ փորձերը վճռականորեն կասեցվում են մեր կողմից։ Ժամանակ առ ժամանակ լինում են գնդակոծություններ, մասնավորապես ինժեներային աշխատանքների ժամանակ։ Բայց իրավիճակը լիովին վերահսկվում է մեր կողմից», – ասաց Փիլոյանը։

Նա հայտնեց, որ անցած տարի Ադրբեջանի կառուցած դիրքերը հիմա լքված են։ Գնդապետի խոսքով` ադրբեջանցիները լքել են դիրքերը ձմռանը նորմալ մատակարարմամբ ապահովելու անհնարինության պատճառով։

Անցած տարի ադրբեջանական զինված ուժերը նոր դիրք էին կառուցել իրենց տարածքում։ Ավելին, պահակակետերի միջև տարածությունն առանձին հատվածներում հասել էր 3-4 կիլոմետրի բարդ լեռնային տեղանքի պայմաններում։

Պաշտոնական Բաքվի հաղորդագրությունների համաձայն` Ադրբեջանը կարողացել էր Նախիջևանում վերահսկողության տակ վերցնել 11 հազար հա տարածք։ Հետո պարզվել էր, որ այդ տարածքներն այդպես էլ մնացել սահմանի այն կողմում, այսինքն Ադրբեջանի տարածքում։

Նմանատիպ գրառումներ