Ամերիկացի գիտնականներն Օզի Օսբորնին ճանաչել են գենետիկ մուտանտ:

Ամերիկյան Knome ընկերության գիտնականները, որոնք ուսումնասիրում են մարդու գենետիկան, եկել են եզրահանգման, որ բրիտանացի ռոք երաժիշտ և Black Sabbath խմբի համահիմնադիր Օզի Օսբորնը գենետիկ մուտանտ է: Այս մասին հայտնում է New York Post-ը` վկայակոչելով Ինդիանա նահանգի բժշկական քոլեջի պրոֆեսոր Բիլ Սալիվանի հեղինակային գիրքը:

Երաժիշտը 2010 թվականին մի քանի անգամ հրավիրվել էր հետազոտության: Մասնագետները կարծում են, որ ռոքերի երկարակյացությունը պատահական չէ, թեև նա օգտագործում է թմրանյութեր և ալկոհոլ: Սալիվանի խոսքով` գիտնականներն Օսբորնի մոտ նկատել են մուտանտ գեն, հենց որի պատճառով էլ երաժիշտը վատ սովորությունների հակումներ ունի:

«Օզին, անկասկած, գենետիկ մուտանտ է»,- գրել է գրքի հեղինակն ու հավելել, որ մարդկանց գեներն ունեն տարբեր դրսևորումներ` քաղցրի նկատմամբ սեր, սուրճի չարաշահում, անգամ դա նկատվում է նրանց սեքսուալ և քաղաքական հայացքներում:

Հավելենք, որ ապրիլին Օսբորնը հետաձգել էր Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում նախատեսված համերգային շրջագայությունը՝ թոքաբորբից հետո ի հայտ եկած հիվանդության սրման պատճառով: Լեգենդար երաժիշտի ինքնազգացողությունը վատացել էր Լոս Անջելեսում գտնվող իր տանը:

Նմանատիպ գրառումներ