Անահիտ Ղազախեցյան | Փազլ

Փազլ

Իմ բոլոր նախորդ կյանքերում
ես փնտրել եմ քեզ,
երբ եղել եմ
առաջին հոմո սափիենսը,
ծառ,
ծովի ավազ,
Ասորեստանի արքայադուստրը,
Բաբելոնյան աշտարակը,
Հեթանոս աստվածություն,
երբ եղել եմ
զոհ,
հետո՝ զոհասեղան,
կրակապաշտ,
քրիստոնյա,
ագնոստիկ
ու աթեիստ,
երբ սուրճ եմ խմել Կանտի հետ,
ես հոլանդական դաշտերի
արևածաղիկներից էի,
ու Հեմինգուեյի կատուներից մեկը,
ես հիմնադրել եմ
Երրորդ ռեյխը,
ծրագրել Թեհրանի
մահափորձը,
սկսել Բեռլինի պատի
կառուցումը,
ներկա գտնվել Բիթլզի համերգին,
Կրակել Ջոն Լենոնի վրա,
ես եղել եմ այն գետը,
որտեղ խեղդվեց Բաքլին,
Ես Մերկուրիի
դաշնամուրն էի.
բոլոր կյանքերից
ես հավաքել եմ քեզ
ու հասցրել իմ օրեր.
ես մաս առ մաս գտել եմ քեզ
նախորդ կյանքերիցս,
երբ դու դեռ քարանձավաբնակ էիր,
կանաչավուն տերև,
ծով,
Մարաստանի թագավոր,
նորաստեղծ լեզու,
գերագույն աստվածություն,
երբ քեզ տաճարներ են նվիրել
ու մատուցել զոհեր,
երբ դու եղել ես մոգ,
բուդդայական,
աստվածամերժ
ու բողոքական,
երբ թեյ ես պատրաստել Նիցշեի հիվանդասենյակում,
երբ դու Վան Գոգն էիր,
Հեմինգուեյի զինակիցը,
որ հերթով գրկել է նրա կատուներին,
դու կապիտալիզմի սկիզբն ես,
համակենտրոնացման ճամբարի հրեաներից,
դու մեկն ես Բեռլինի պատի քանդողներից,
իմ ձեռքի ատրճանակը,
Ջեֆֆ Բաքլին,
Ֆրեդի Մերկուրիի մատները.
մենք կտոր-կտոր հավաքվել
ու հասել ենք այսօրին:
չգիտեմ՝
գտե՞լ ենք իրար,
թե պակասող կտորներից ենք:

 

***
Ես չեմ գրի քո մասին
այլևս ոչ մի բանաստեղծություն՝
կարճ,
երկար,
ազատ,
հանգավոր,
սևով,
կապույտով,
մատիտով,
որովհետև դու չսկսված
չես շարունակվել իմ մեջ
ու մնացել ես այդտեղ՝
ոչ առաջ գալով,
ոչ գնալով ետ:
Ինձ այլևս ոչ ոք
չի բռնի մտքի վրա՝
քո նման,
քո գույն,
քո մասին,
քո պես:
Քեզ չի հիշեցնելու
ոչ մի ֆիլմ,
փողոց,
գիրք,
նշան ու մականուն:
Ես գուցե մոռանամ աղոթել
քեզ համար
ու քեզ:
Երևի կրճատեմ,
անվանդ դիմաց գիծ դնեմ՝
ու քեզ տեղավորեմ «մոռացում» բառի
իմացածս ու չիմացածս
բոլոր թարգմանություններում,
որովհետև դու ի սկզբանե միայն բառ էիր,
բանաստեղծություն
ու վերջ:
Երևի քեզ թողնեմ
փակագծերում ու ծրարներում
նամակներիս
ու հազար լեզվով ասեմ հաջողություն՝
առանց ցտեսության իմաստի:
Գուցե վերջակետ դնեմ՝
թողնելով քեզ այստեղ
անվարտ,
թանաքոտ,
առանց հետգրության՝
քեզ հետ,
քեզանով,
քեզ համար,
ու գուցե՝
հանուն քեզ:

 

***
Հրաժեշտի համար ժամանակ չունեմ,
ներիր:
Այլևս նամակ չեմ գրում
ու ապրում եմ շաբաթվա կենտ օրերի համար:
Գրիչ վերցնելու ժամանակ չունեմ
ու բառերը կանգնել են կոկորդիս,
որովհետև մոտ մեկը չկա
ով կլսի պարզապես՝
քայլի մեջ,
փողոցն անցնելիս,
տուն բարձրանալիս,
որովհետև ես նամակ գրելու թուղթ չեմ գտնում,
որովհետև իմ քաղաքում գեղեցիկ ծրարներ չկան,
որովհետև գրելիս դարձյալ պիտի լռեմ,
եթե նույնիսկ ինձ բարձրաձայն կարդաս:
Ոչ մի բառ կուլ չի գնում, ինչ արած,
Ու ես դարձյալ հատում եմ փողոցները՝
Տանելով չպատմած պատմություններ,
հաշվելով ասֆալտին թափված քարերը,
հաշտվելով լռելու հետ:
Ես սովորել եմ այս քաղաքի
անիրական թախիծին
ու հասկացել եմ,
որ բոլորս այստեղ անհասցե նամակներ ենք՝
տարբեր նամականիշերով ու ձեռագրերով՝
մեկս մեկից չկարդացված,
մեկս մեկից խզբզանք:
Ես քնում ու արթնանում եմ այս տառերի մեջ
տարվա բոլոր եղանակներին,
երկուշաբթի, հինգշաբթի ու կիրակի օրերին,
երբ վառվում են փողոցի լապտերները,
երբ անհնար է դառնում սուս ու փուս ապրել,
երբ քաշվում ենք ծածկոցի տակ
ու նոր տող ավելացնում՝
լուռ,
անխոս,
առանց ինչ-որ շշուկի:
Հրաժեշտի ժամանակ ունեմ,
բայց բառերը կորչում են դեռ չասված.
դրսում անձրևն աղմկում է բոլորիս փոխարեն:

 

***
Ես տատանվում եմ
քո և նրա,
ռոքի ու ջազի,
սիրելու ու չսիրելու,
լրագրության ու քաղաքականության,
հավատալու ու չհավատալու,
բանաստեղծության ու էսսեի,
գնալու ու մնալու,
վերջակետի ու բազմակետի,
շարունակվելու ու ընդհատվելու,
բնագրի ու լավ թարգմանության,
նորից քո և նրա,
գրիչի ու ստեղնաշարի,
գրելու ու լռելու,
ռեալիզմի ու ռոմանտիզմի,
ներելու ու ներել խնդրելու,
կարոտի ու կախվածության,
փոխելու ու փոխվելու,
ես տատանվում եմ
նրա և քո,
մոտիկության ու հեռավորության,
շրջվելու ու ուղիղ նայելու,
լինելու և մենակության,
նստած մնալու ու կանգնելու,
կապույտի ու սպիտակի,
հոգնելու ու հոգնելու,
Բրելի ու Մոլկոյի
միջև:
Ես կշեռք եմ
ոչ թե համաստեղության,
այլ կյանքի բերումով:

***
Նրանք ոչինչ չգիտեն.
չգիտեն, որ
Նապոլեոնը օրվա մեջ չորս ժամ էր քնում,
որ պատերազմներ գծագրելու արանքում
մտածի նրա մասին,
ում պակասից էլ Հեղինեում մեռավ.
նրանք բոլորը պնդում են,
որ Նապոլեոնին մկնդեղն է կամաց-կամաց շարքից
հանել ու առհասարակ
բան չեն հասկանում:

Վան Գոգը
որոշեց ձեռքը կրակի վրա պահել
ու էդ ընթացքում գոնե մի քանի վայրկյան
սիրած աղջկան տեսնել,
Վան Գոգի մոտ ամեն ինչ տխուր է վերջացել,
չնայած նրանց միայն ականջն է հետաքրքրում:

Բուկը խմում էր, ծխում,
նրանք նաև ասում են,
որ կանանց ատում էր
ու երբեք, նրանք վստահեցնում են,
որ երբեք
ոչ ոքի չի սիրել.
նրանք երբեք չեն կարդացել
“to jane cooney baker, died 1-22-62”-ը:

Նրանք չգիտեն,
որ կամուրջներից նետվողների,
թեյ խմողների,
կոճակ կարողների,
վթարի ենթարկվողների,
նարեկ կարդացողների
ու նապոլեոնի,
վան գոգի,
բուկովսկու մեջ
ինչ-որ բան կա:
Նրանք չգիտեն:
Բայց կա:

 

***
Դու այստեղ նստած ես,
Շատ մոտ,
Անհնար մոտ,
Իրական
Այնքան,
Որ
Երեւի ձեռքս պարզեմ
Ու մի կողմ տանեմ
Գլխիդ վերեւում
Կուտակված ամպերը
Ու հաշվածս բոլոր աստղերը
Ուղարկեմ քո երկինք։
Ամեն ինչ
այնքան
Պարզ է
այս թղթի վրա,
Որ կարող եմ
Քեզ ունենալ
Տողերի վրա
Ու տողատակերում,
Ու չմտածել։
Սեւով սպիտակի վրա
Կարող եմ գրել,
Որ ամեն ինչ կարգին է,
Ամեն ինչ այնքան էլ վատ չէ,
Որ ամեն ինչ լավ կլինի։
Թղթի վրա կարող եմ նկարել
Երկու մարդ
Իրար կողքի։
Ամեն ինչ
այնքան
Լավ ավարտ
ունի
Այս բանաստեղծությունում,
Տարօրինակ է,
Այսպես չպետք է լիներ։


Անտիթե

Հայր նրանց,
որ այստեղ չես,
իսկ երկնքում լինելդ
ոչինչ չի մեղմացնում,
քանզի դու նրանց էստեղ ես պետք,
եթե դառը ճշմարտությունն ես նախընտրում,
ուրեմն իմացիր`
Սուրբ չէ այլևս անունը քո,
քանզի այստեղ
Քեզ
30 արծաթով ուրացողներ միշտ կգտնվեն:
Քո արքայությունն անհասկանալի է,
անկատարվելի, անիմանալի, ուստի խնդրում եմ,
եկ հրաժարվիր կամքդ տարածելուց,
քանզի մեր այտերը փոխադարձ ապտակներից կարմրել են վաղուց
և որովհետև ոսկե կանոնը պարզապես ոսկե կանոն է մնացել:
Եվ դու հաստատ իրավունք ունես չթողնելու իրենց պատքերը,
ինչպես իրենք երբեք չեն թողնում իրենց պարտապաններին,
Ու հանգիստ նրանց կարող ես տանել փորձության,
որ միշտ ես անում,
և, խնդրում եմ, մի մոռացիր, որ անհնար է փրկել ինչ-որ բանից,
որ իրենք են ստեղծում:
Զի քոնը չէ արքայությունն այլևս գոնե այստեղ,
ուր ամեն ինչ ավարտվում է մի օր,
դու անզոր ես այսօր,
երբ «սիրիր թշնամուն»-դ անընդունելի է,
ու այստեղ, ուր սիրում են հոգևոր ու մարմնական ամենագեղեցիկ սիրով:
Եվ կարող ես քեզ վերցնել փառքը նաև,
որ վաղուց օտարացել է մեզ:
Հանուն անպատասխան չմնալու,
քո թողտվությամբ
լքում եմ քեզ ընդմիշտ:
Ամէ՞ն:

Նմանատիպ գրառումներ