Աշխարհի բոլոր հայերի համար կա մեկ մայրաքաղաք, և այդ մայրաքաղաքը Երևանն է. Փաշինյան

Երևանի Ազատության հրապարակում կայացավ Համահայկական ամառային 7-րդ խաղերի հանդիսավոր փակման արարողությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Ահա և ավարտվեցին Համահայկական 7-րդ խաղերը, որոնք վերջին 14 օրվա ընթացքում՝ բացման արարողությունից մինչև փակման արարողություն, մեծ բերկրանք պատճառեցին բոլորիս, մեծ բերկրանք պատճառեցին Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը:

Կրկին և կրկին ուզում եմ շեշտել, որ մենք այս օրերին վայելեցինք իրար հետ լինելու, միասին լինելու գերագույն հաճույքը, որովհետև մենք արձանագրում ենք այսպիսով, որ որպես ազգ, որպես ժողովուրդ մեկ ենք և միասնական՝ անկախ նրանից, թե աշխարհի որ մասում ենք ապրում: Եվ ահա այսօրվա փակման արարողությունը գալիս է խորհրդանշելու, որ աշխարհի բոլոր հայերի համար, յուրաքանչյուր հայի համար կա մեկ մայրաքաղաք, և այդ մայրաքաղաքը Երևանն է:

Ես ուզում եմ շնորհավորել Համահայկական խաղերի բոլոր հաղթողներին և մրցանակակիրներին: Ես ուզում եմ շնորհավորել նաև Համահայկական խաղերի բոլոր մասնակից մարզիկներին, որովհետև նրանք իրենց մասնակցությամբ մեծ արժեք, մեծ ուժ և մեծ բովանդակություն են տվել Համահայկական խաղերին: Ես ուզում եմ շնորհավորել Համահայկական 7-րդ խաղերի բոլոր կազմակերպիչներին, բացման և փակման արարողությունների բոլոր մասնակիցներին և կազմակերպիչներին:

Ես ուզում եմ շնորհավորել մեր այն հայրենակիցներին, ովքեր Համահայկական խաղերի այս ընթացքում ձեռք բերեցին նոր ընկերներ, նոր ծանոթներ, նոր բարեկամներ։ Հույս ունեմ, որ ձեռք բերված կապերը կպահպանվեն և կշարունակվեն, որ դուք, Արցախում և Հայաստանում իրար գտնելով, այլևս երբեք իրար չեք կորցնի:

Սիրելի հայրենակիցներ, Համահայկական խաղերն այլևս անշրջելիորեն տեղ են զբաղեցնում Հայաստանի և հայության մարզական օրակարգում, հայ ժողովրդի հանրային կյանքի օրակարգում, Հայաստան-Արցախ-Սփյուռք հարաբերությունների օրակարգում: Եվ սա կարևորագույն մի հարթակ է, որտեղ իսկապես, անկախ կուսակցական պատկանելիությունից, անկախ քաղաքական հայացքներից, մենք զգում ենք որպես մեկ ամբողջություն, մենք զգում ենք որպես մեկ միասնականություն:

Եվ ուրեմն, ես համոզված եմ, որ Համահայկական 8-րդ խաղերն ավելի մեծ թվով մասնակիցներ են ունենալու, ավելի բարձր մարզական մակարդակ են ունենալու, ավելի բարձր տրամադրություն են ունենալու, և մարզիկներն ավելի մեծ հաջողություններ են ունենալու: Եվ ուրեմն՝ Կեցցե՛ն Համահայկական խաղերը, Կեցցե՛ն Համահայկական խաղերի բոլոր մասնակիցները, Կեցցե՛ հայ ժողովուրդը: Եվ այսպիսով՝ Համահայկական ամառային 7-րդ խաղերը հայտարարում եմ փակված»:

tert.am

Նմանատիպ գրառումներ