Աշխարհում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների օրական միլիոն նոր դեպք է գրանցվում. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության նոր հետազոտության մեջ ասվում է, որ ամեն օր աշխարհում գրանցվում է սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների միլիոն նոր դեպք: Մոլորակի ամեն 25-րդ բնակիչը վեներական հիվանդություն ունի՝ խլամիդիոզ, հոնորեա, տրիխոմոնիազ կամ սիֆիլիս: Այս մասին հաղորդում է ՄԱԿ-ի նորությունների ծառայությունը:

Փորձագետները նշում են, որ վերջին մի քանի տարում երկրներին չի հաջողվել առաջընթացի հասնել սեռական վարակների տարածման դեմ պայքարում: Գլոբալ մասշտաբով հիվանդությունների մակարդակը չի նվազում, որոշ երկրներում աճում է:

ԱՀԿ-ի տվյալներով՝ 2016 թվականին 15-49 տարեկան կանանց եւ տղամարդկանց շրջանում խլամիդիոզով է վարակվել 127 մլն մարդ, հոնորեայով՝ 87 մլն, սիֆիլիսով՝ 6,3 մլն, տրիխոմոնիազով՝ 156 մլն: Այդ հիվանդությունները ժամանակին չախտորոշելու եւ չբուժելու դեպքում դրանք կարող են ծանր հետեւանքներ ունենալ՝ ներառյալ նյարդաբանական եւ սրտանոթային հվիանդություններ եւ անպտղություն:

ԱՀԿ-ում նշում են, որ սիֆիլիսն աշխարհում նորածին երեխաների շրջանում մահացության գլխավոր պատճառներից մեկն է: 2016 թվականին 200 հազար երեխա է ծնվել մահացած կամ մահացել ծնվելուց հետո, քանի որ նրանց մայրերը տառապել են այդ հիվանդությամբ:

Մասնագետները նշում են, որ բոլոր հղիները պետք է սիֆիլիսի եւ այլ սեռական վարակների անալիզ հանձնեն:

ԱՀԿ-ում հիշեցնում են, որ այդ վարակները կարելի է կանխել եւ բուժել: Անհրաժեշտ է հիշել կոնտրացեպցիայի միջոցների մասին եւ պարբերաբար դիմել բժիշկների օգնությանը: Մանսագետները նաեւ նշում են սեռական կրթության անհրաժեշտության մասին:

Նմանատիպ գրառումներ