Արմեն Սարգսյանի համոզմամբ՝ Հայաստանին արհեստական բանականությունը զարգացնելու համար անհրաժեշտ է ունենալ սեփական արբանյակ:

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 12-ին մասնակցեց «Գերխոշոր սև խոռոչների շուրջ բարձր էներգիայի ֆենոմենը» խորագրով կոնֆերանսի փակման արարողությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով արհեստական բանականության կողմից մշակված և ապրիլի 10-ին հրապարակված սև խոռոչի լուսանկարին՝ Արմեն Սարգսյանը նշեց, որ Հայաստանում արհեստական բանականությունը զարգացնելու համար մի քանի տարբերակ կա:

«Եթե Հայաստանում ուզում ենք զարգացնել արհեստական բանականությունը, մեծ ծրագրավորողներ, գիտնականներ ստեղծել, և եթե ուզում ենք, որ Հայաստանը դառնա ժամանակակից երկիր, ունենա նաև 5-րդ սերնդի կոմունիկացիաներ, տարբեր քայլեր պետք է անենք: Դրանցից մեկն այն է, որ աշխարհահռչակ գիտնականներ գան Հայաստան, որքան հնարավոր է՝ հաճախ: Չի բացառվում, որ Հայաստանը կարիք ունի գործընկերների հետ ունենալ սեփական մեծ տեխնոլոգիական գործիքները, ընդհուպ՝ արբանյակներ»,- ասաց Սարգսյանը:

Արմեն Սարգսյանի խոսքով՝ սև խոռոչի արված լուսանկարները ևս մեկ անգամ ապացուցում են, որ 100 տարի առաջ ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնը ճիշտ էր:

«Որպեսզի պարզ հասկանանք, թե ինչպես են կարողացել դիտել սև խոռոչն, ուղղակի վերցրել են երկրագունդը, որպես մեկ դիտակ, ամբողջ մակերեսը, օգտագործել են տարբեր դիտակներ, որոնք իրար հետ են կապել համակարգչային համակարգով և օգտագործել են արհեստական բանականություն: Այն բոլոր տեղերը, որոնք տեսանելի չէին, արհեստական բանականությունը պատկերել է, և կարողացել է տեսնել այն, ինչ այսօր մենք տեսնում ենք: Հսկայական մեծ հայտնագործություն է, որը անուղղակի  ձևով ևս մեկ անգամ ապացուցում է, որ 100 տարի առաջ Ալբերտ Էյնշտեյնը ճիշտ էր»,- հավելեց նա:

Նմանատիպ գրառումներ