Արտակարգ դեպք Արարատի մարզում. բախվել են մարդատար էլեկտրագնացքն ու 06-ը. 06-ը վերածվել մետաղե ջարդոնի. կան վիրավորներ

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 19:35-ի սահմաններում, Բուրավան – Բուրաստան գյուղամիջյան ճանապարհին, Բուրաստան գյուղի վարչական տարածքում բախվել են մարդատար գնացքն ու ՎԱԶ-2106 մակնիշի 34 TR 425 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 06-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 8 մետր սահելով՝ հայտնվել ձորում:

06-ի վարորդին և ուղևորին առաջինը օգնության են հասել գնացքի մեքենավարն ու նրա գործընկերները և քաղաքացիները:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Արտաշատի հիվանդանոցի բժիշկները, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին, ապա ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի ուղեկցությամբ տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ-կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի պաշտոնակատար Արթուր Զաքարյանը:

Դեպքի վայր է ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Անուշավան Սողոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է մեքենավարի, 06-ի վարորդի և վիրավորների ինքնությունը:

Գ. Շամշյանը հայտնում է, որ մարդատար գնացքում եղել են մեծ թվով ուղևորներ, որոնք, բարեբախտաբար չեն տուժել: Իսկ ուղևորների մի մասն էլ՝ չսպասելով, թե երբ կավարտվի վթարի վայրի զննությունը, տաքսիներով հեռացել են:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ գրառումներ