ԲԱՑ ՆԱՄԱԿ ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆՅԱՆԻՆ. Անի Կարապետյան

Հարգելի պարոն հանձնակատար:
Ես իհարկե, արդեն կորցրել եմ հույսս, որ երբևէ Ձեզնից կստանամ որևէ հոդաբաշխ խոսք, որևէ հիմնավորում՝ ի պատասխան վերջին օրերին Ձեզ հղած իմ հարցերի, բայց այնուամենայնիվ, եթե Դուք շատ ակտիվ հանդես եք գալիս հարցազրույցներով ու ելույթներով, հրավիրում եմ Ձեզ ինձ հետ հանրային բանավեճի:
Բանավեճ, որի ընթացքում մենք միասին կանդրադառնանք այն հարցին, թե ի վերջո ինչ է կատարվել Հայաստանում վերջին 25 տարիներին, որի մասին Դուք խոսել էիք ռուսաստանաբնակ գործարարների հետ հանդիպմանը: Վաղուց արդեն պետք է պարզել, թե Դուք ինչ վաստակ ունեք Հայաստան երկրի առաջ, և ինչ է Ձեզ այդպես համարձակություն տվել՝ քամահրանքով արտահայտվել անցած 25 տարիների մասին, որոնք եղել են բարդ, բայց հերոսական, և որոնցից Դուք տեղյակ չեք եղել: Ժամանակն է պարզել ու հասկանալ, թե ինչն է Ձեզ իրավունք տվել՝ նսեմացնել մեր պատմական հաղթանակները՝ ամենուր խոսելով ու թմբկահարելով կոռուպցիայի մասին, սևացնելով ու մրոտելով այն ամեն լավն ու բարին, որ եղել է մեր կյանքում:
Դուք Ձեր հարցազրույցներում պարբերաբար հայտարարում եք, թե լավ եք ճանաչում Ռուսաստանի հայերին, գիտեք նրանց խնդիրները: <<Ես Ռուսաստանում շատ եմ եղել և գիտեմ, ինչով են նրանք ապրում հոգևոր առումով։ Ինձ շատ հաճելի է նրանց հետ շփվելը, հայ համայնքների համագործակցության մասին նրանց գաղափարները լսելը»։, — մասնավորապես ասում եք Դուք: Մի կողմ թողնելով Ձեր ասածի ճշմարտացի-ոչ ճշմարտացի լինելը, նշեմ, որ շատ ավելի նախընտրելի կլիներ նախ և առաջ քաջածանոթ լինել բուն Հայաստանի հոգևոր կյանքին և խնդիրներին, հետո նոր փորձել կապել Սփյուռքի համայնքները Հայաստանի հետ: Առանց բնակվելու ՀՀ-ում, առանց իմանալու մեր հոգսն ու ցավը, Դուք չափազանց մեծ բեռ եք վերցնում Ձեր ուսերին, որը, իմ խորին համոզմամբ, մտադիր եք առաջ տանել հեղափոխական թավշյա պոպուլիզմի միջոցով:
Դուք, պարոն Սինանյան, 1988 թվականից դուրս գալով Հայաստանից և մեկնելով ԱՄՆ, այս ամբողջ ընթացքում կորցրել եք հայաստանյան իրականության զգացումը: Եվ դա Ձեզ շատ է խանգարելու այն աշխատանքում, որը հիմա հանձնարարվել է Ձեզ:
Հարցին, թե անձամբ ինչ եք մտածում`ինչ գաղափարի շուրջ կարելի է համախմբել Ռուսաստանի և աշխարհի բոլոր հայերին, Դուք ասում եք՝ «Մենք` հայերս, մի պատմական հայրենիք ունենք` Հայաստանը։ Եվ այդ հայրենիքն այսօր գոյություն ունի ի դեմս Հայաստանի Հանրապետության։ Այնպես որ, մենք կարող ենք միավորել Հայաստանի և հայկական մշակույթի շուրջ։ Հուսով եմ, որ կլինեմ այն մարդը, որը կօգնի այդ գործում»։ Այնպիսին տպավորություն է ստեղծվում, որ մինչև հեղափոխությունը և մինչև Ձեր նշանակումը մեր երկիրը տափաստան է եղել, բոլոր հայերը եղել են անկազմակերպ ու ոչ միասնական, և նստած Ձեզ են սպասել, որ գաք ու վիճակը շտկեք:
Առնվազն ծիծաղելի է:
Հանրային բանավեճի իմ առաջարկը ուժի մեջ է, սպասում եմ Ձեր արձագանքին:

Նմանատիպ գրառումներ