Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Պարո՛ն վարչապետ, տեսնելով Ձեր նվիրումն ու մեծ սերը աշխատանքի հանդեպ, Ձեր կոչերն ու խորհուրդները աշխատելու վերաբերյալ, չեմ կարողացել անտարբեր մնալ և ուզում եմ առաջարկ անել Ձեզ աշխատելու վերաբերյալ, ապագայում մեծ հաջողություններ ունենալու համար։ Մեր պատմության ընթացքում շատ արքաներ և թագավորներ ենք ունեցել, լավերն էլ են եղել,վատերն էլ։ Դուք հիմա՝ որպես Հայաստանի ղեկավար, հիշեցնում եք մեր թագավորներից դրական և ազգի մասին մտածող որոշ արքաների։ Այդ ամենը հաշվի առնելով՝ ցանկանում եմ մեջբերել Արշամ Երվանդունի արքայի գործողություններից մի դրվագ։ 


Պատմում են, որ Արշամ Երվանդունի արքան աշխատանքի հանդեպ հատուկ պաշտանմունք է ունեցել։ Մի հրովարտակ է արձակում,որով հայտարարում են, թե պալատականները պարտավոր են տարվա ընթացքում չորս օր աշխատել հողագործների հետ։ Թեպետ հրամանը բոլորին էր վերաբերվում, բայց Հովակիմ անունով մի պալատական հայտարարում է, որ ինքը սովոր չէ ծանր աշխատանքին։
֊Չլինի կարծում ես՝գյուղացուց լավն ես֊, ասում է արքան,_ եթե հրաման է, ուրեմն ոչ ոք չպիտի խուսափի։ Այսօրվանից զրկում եմ քեզ պաշտոնից։ Դու չուզեցիր չորս օր մույկդ տրեխով փոխել, հիմա ստիպված պիտի լինես միայն տրեխ հագնել։ Եթե արքան աշխատում է, հպատակները պետք է ձգտեն նմանվել նրան։ 


Պարո՛ն Փաշինյան, ես առաջարկում եմ բոլոր պաշտոնյաներին տարվա ընթացքում ժամանակ առ ժամանակ ուղարկել գյուղեր. ոմանք թող գնան հովիվ լինեն, ոմանք թող բանվորների հետ արևի տակ առավոտից երեկո հող մշակեն, թակուջակ անեն, գոմը մաքրեն, խոտ հնձեն, մի խոսքով՝ բանվորական աշխատանքներ անեն։ Եթե Դուք ասում եք, որ ոչ մի պաշտոնյա առավել չէ հասարակ քաղաքացուց, ուրեմն դա նաև այսպես ապացուցեք։ Ես համոզված եմ՝ շատ պաշտոնյաների մոտ շատ բաներ են փոխվելու, և շատերը նոր մտածելակերպ են ձևավորելու իրենց ներսում, նաև հենց տեղում հասկանալու են, թե հասարակ քաղաքացու ուզածը իրականում ինչ է, և ընդհանրապես իրենց մոտ զգացողությունը կյանքի հանդեպ շատ է փոխվելու։ Հասկանալու են, թե մարդիկ ինչ են զգում , ինչպես են տառապում,ինչպես են չարչարվում և ինչպես վաստակում։ Սովորելու ամենահզոր տարբերակը անձամբ գործողության մեջ լինելն է, որովհետև այդ ժամանակ միայն չես մտածում, այլ զգում ես, տեսնում ես, ու դա շատ ուժեղ է տպավորվում։ Կարծում եմ՝ պաշտոնյաները մինչև ժողովրդին ծառայելը նախ շատ լավ և շատ հստակ պիտի զգան այն, ինչ այս պահին զգում են իրենց քաղաքացիները, պիտի շատ հստակ հասկանան՝ ինչ են իրակսնում ուզում իրենց քաղաքացիները։ Ես այս նամակը ամենայն անկեղծությամբ և մեծ հավատով եմ գրում և վստահ եմ, որ Դուք կհասկանաք՝ նամակի նպատակն ինչումն է։ Հուսով եմ, որ այն անպայման կհասնի Ձեզ և Դուք կընթերցեք։ 


Հարգանքներով՝ Մանուել Մանուկյան։

Նմանատիպ գրառումներ