Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին. Մարինա Խաչատրյան

Հարգելի պարոն Փաշինյան,

Նախկինում ես չեմ կիսել Ձեր քաղաքական հայացքները, քանզի դրանք համարել եմ դեմ իմ սկզբունքներին ու պատկերացումներին։

Սակայն, հատկապես վերջին ժամանակներս, Դուք Ձեզ թույլ եք տալիս հայտարարություններ, որոնց հետ համաձայն չեմ ոչ միայն ես, այլև հայ հանրության մեծամասնությունը։

Փաստենք, որ, զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը, Դուք պետք է արտահայտեք Հայաստանի քաղաքացիների մեծամասնության կարծիքը և պետք է ծառայեք նրանց։

Սա այն նույն պահանջն է, որը մենք ունեցել ենք նախորդ իշխանություններից։

Սակայն, հանրությունը տեսնում է, որ թեև ինքը մեծամասամբ դեմ է ստամբուլյան կոնվենցիան վավերացնելուն, Դուք ամեն գնով փորձում եք դրա վավերացման գործընթացն իրականություն դարձնել։

Բոլորս, առավելապես Ջերմուկի ու Գնդեվազի բնակիչները դեմ են Ամուլսարի շահագործմանը, քանզի այն սպառնում է թունավորել մեր հողը, օդն ու ջուրը, սակայն Դուք կրկին ջանքեր եք գործադրում հանրությանը մոլորեցնելու և Ամուլսարի գործարկումն իրականություն դարձնելու համար։

Հասկանում եմ, որ հանրային ճնշումնը ծանր գործիք է, այդ ճնշումն անգամ Ձեզ գահին է հասցրել։ Հասկանում եմ նաև, որ կան մարդիկ ու խմբեր, որոնք ներդրվել են պայքարի մեջ` Ձեզ վրա ճնշումներ գործադրելու, հանրությանը սխալ ուղիով տանելու համար։ Բայց Դուք պարտավոր եք լսել հենց հանրության ձայնը, այլ ոչ թե Ձեզ քծնողների ու դեպի ծուղակ տանողների։

Հայ հանրության և անձամբ ինձ համար անընդունելի են նաև վերջին հայտարարությունները, որոնք Դուք կատարեցիք ԱՄՆ այցի ժամանակ` սպայի ուսադիրների, եկեղեցականների և Ադրբեջանի մասով։ Ասեմ ավելին, անընդունելի է այն հսկայական ծախսը, որը Դուք թույլ եք տվել Ձեզ` լինելով աղքատ երկրի ղեկավար (Հայաստանում շուրջ մեկ միլիոն մարդ աղքատ է, իսկ յուրաքանչյուր երրորդ երեխան սոված է գնում քնելու)։

Ավելորդ չեմ համարում Ձեզ հիշեցնել, որ Դատական համակարգը Հայաստանի Հանրապետությունում անկախ է, իսկ ուժային կառույցները չեն հանդիսանում որևէ մեկի ճորտն ու խամաճիկը (Արցախի զորամասերից մեկի ականջը կանչի)։

Փաստում եմ, որ Ձեզ ԱՄՆ-ում ընդունեցին սիրողական մակարդակով։ Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի դա մեծ ցավ է ինձ համար։ Իմ առաջնորդը պետք է եթե ոչ սիրված, ապա գոնե հարգված լինի ցանկացած երկրի բարձրագույն ղեկավարության կողմից, ուր այցելում է։

Պարո՛ն Փաշինյան, ես վստահ եմ, որ Դուք հայ հանրությունը պառակտելու ծրագիրը հենց սկզբից եք ունեցել, սակայն, ենթադրենք, որ Ձեզ մոտ ղեկավարումն ուղղակի չի ստացվել, ենթադրենք, որ մեղավորը Ձեր սխալ վարած կադրային քաղաքականությունն է։

Բայց չէ-որ Դուք եք խոսում ողջ աշխարհի հետ մեր բոլորի անունից։ Իսկ մենք Ձեր արտահայտած մտքերի հետ ոչ միայն համաձայն չենք, այլև շատերի հետ տարակարծիք ենք։ Մենք Ձեզ այդպիսի մտքեր արտահայտելու ոչ իրավունք տվել ենք, ոչ էլ տալու ենք։

Բազմիցս նշել եք, որ ունեք բարձր վարկանիշ։

Ես հայտնում եմ իմ կասկածը Ձեր «բարձր վարկանիշի» մասով։

Ինձ ու բազմաթիվ այլ քաղաքացիների կասկածները փարատելու միակ եղանակը հրաժարական ներկայացնելն ու նոր ընտրություններ կազմակերպելն է։ Ձեզ տեսնեմ։

Հ.Գ. Մեր երկրում օրինականություն հաստատելու և զարգացում ապահովելու համար պետք են ինձ պես պահանջատեր քաղաքացիներ ու քաղաքացիների պահանջները լսող ղեկավար այրեր։ Բամբասկոտ, ինքնահավան, թալանչի, դավաճան, տափուկ, այլասերված մարդիկ մեր երկրի ղեկավարման համակարգից պետք է դուրս շպրտվեն։ Հույս ունեմ` դա միասին կկազմակերպենք։

ՀՀ քաղաքացի
Մարինա Խաչատրյան

Նմանատիպ գրառումներ