Բողոքի ալիք` Թուրքիայում․ «Սա խայտառակություն է, սա հեղաշրջում է, սա բռնատիրություն է»:

Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների չեղարկումը բուռն քննադատությունների ալիք է բարձրացրել երկրում։

Միջանկյալ հիշեցնենք, որ մարտի 31-ին Թուրքիայում կայացած ՏԻՄ ընտրություններում Ստամբուլում հաղթել էր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) թեկնածու Էքրեմ Իմամօղլուն, սակայն իշխող քաղաքական ուժը ոչ մի կերպ չկարողացավ համակերպվել այդ պարտության հետ։

ԺՀԿ-ական պատգամավոր Գամզե Թաշչըերը ընտրության արդյունքների չեղարկման առթիվ հետևյալ գրառումն է արել․

«Այս խայտառակությունը պատմության մեջ կմնա որպես ԿՀԸ-ի կողմից կատարված հեղաշրջում»։

Թուրքիայի Սահմանադրական դատարանի նախկին զեկուցող Օսման Ջանը ԿԸՀ-ի որոշման վերաբերյալ հայտարարել է․

«Ափսոս, շատ ափսոս, ԿՀԸ։ Այսօր ԿԸՀ-ն ու ընտրատուփերը գրեթե վերջին վստահելի կառույցն ու համակարգն էին։ Դրանք էլ ոչնչացան, հանուն ինչի՞»։

Նախագահի նախկին թեկնածու ԺՀԿ-ական Մուհարրեմ Ինջեն հայտարարել է, որ ԿԸՀ-ի որոշումը ոչ մի իրավական հիմք չունի։

«Այս անգամ Էքրեմ Իմամօղլուն կհաղթի ավելի քան 60 տոկոս ձայներով, բայց պարտվողը արդեն նրա մրցակից թեկնածուները չեն լինելու»։

ԺՀԿ փոխնախագահ և պատգամավոր Օնուրսալ Ադըգյուզելը հետևյալ գնահատականն է հնչեցրել․

«Փաստորեն թույլատրվում է իշխող կուսակցության ընտրապայքարի մեջ մտնել, բայց հաղթելն արգելվում է։ Սա բացահայտ բռնատիրություն է»։

ԺՀԿ-ի մեկ այլ պատգամավոր Մեհմեթ Բաքարօղլուն, Twitter-ում արձագանքելով Ստամբուլում ընտրությունների արդյունքների չեղարկմանը, գրել է․

«Սա խայտառակություն է։ Սա իրավունքի սպանդ է։ Թուրքիայի ժողովրդավարությունն այսպիսով ուժգին հարված ստացավ»։

Ընդդիմադիր քրդամետ «Ժողովրդադեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) պատգամավոր Ահմեթ Շըքը գրել է.

«2019թ․ մայիսի 6, Թուրքիայում կրկին հեղաշրջում եղավ»։

«Saadet» կուսակցությունից մարտի 31-ի ընտրություններում Անթալիայի քաղաքապետի թեկնածու առաջադրված Ալի Աքթաշը ԿԸՀ-ի որոշման վերաբերյալ հետևյալ գնահատականն է հնչեցրել․

«ԿԸՀ որոշումը ժողովրդավարությանն ու ժողովրդի կամքին բացեիբաց հասցված հարված է։ Ոչ թե իրավունքի ու բանիմացության, այլ քաղաքական մերձեցման հիման վրա ընդունված այս հիմար որոշումը այն ընդունողների խայտառակությունն է լինելու»։

Ստամբուլի քաղաքապետի նոր ընտրությունները նշանակվել են հունիսի 23-ին։

ermenihaber

Նմանատիպ գրառումներ