Բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է WikiLeaks-ի հիմնադրին. Էկվադորը հրաժարվել է դիվանագիտական ապաստան տրամադրել:

Բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին, որը երկար ժամանակ գտնվում էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«47-ամյա Ջուլիան Ասանժն այսօր՝ ապրիլի 11-ին մայրաքաղաքային ոստիկանության կողմից ձերբակալվել է Էկվադորի դեսպանատանը՝ 2012 թ. հունիսի 29-ին Վեսթմինսթերյան դատարանի կողմից տրված օրդերի հիման վրա, դատարան չներկայանալու համար»,- հաղորդել է Սքոթլենդ Յարդը:

Նշվում է, որ ոստիկանության աշխատակիցներին Էկվադորի դեսպանատուն են հրավիրել այն բանից հետո, երբ այդ երկիրը հրաժարվել է Ասանժին դիվանագիտական ապաստան տրամադրել:

«Ես Մեծ Բրիտանիայից երաշխիքներ եմ պահանջել, որ Ասանժին չեն արտահանձնի որևէ երկիր, որտեղ նրան կարող է խոշտանգում կամ մահապատիժ սպառնալ: Բրիտանական կառավարությունը դա գրավոր հաստատել է»,- Twitter-ում գրել է Էկվադորի նախագահ Լենին Մորենոն:

Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթը շնորհակալություն է հայտնել Մորենոյին որոշման համար:

WikiLeaks-ի հայտարարության մեջ էլ նշվում է, որ Էկվադորի իշխանություններն ապօրինաբար դադարել են քաղաքական ապաստանի գործողությունը՝ խախտելով միջազգային իրավունքի նորմերը:

Ասանժը ճանաչում ձեռք բերեց մի շարք հրապարակումներից հետո, այդ թվում՝ Աֆղանստանում և Իրաքում ԱՄՆ-ի ռազմական գործողությունների և Գուանտանամոյի ճամբարում պահման պայմանների մասին:

2010 թվականին, երբ ամերիկյան իշխանությունները հետաքրքրվեցին Ասանժով, WikiLeaks-ի հիմնադիրը Շվեդիա մեկնեց, որտեղ մտադիր էր պաշտպանություն ստանալ: Հետագայում այստեղ նրան մեղադրեցին սեռական բնույթի հանցագործությունների համար, Ասանժը, սակայն, հերքում է մեղադրանքները:

Շվեդական դատարանն Ասանժի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարվեց, ինչից հետո նա Լոնդոնում ձերբակալվեց, բայց գրավի դիմաց ազատ արձակվեց: 2012 թվականից Ջուլիան Ասանժը թաքնվում էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը:

Նմանատիպ գրառումներ