Գիտնականները «թարգմանել են» չղջիկների լեզուն. ահա թե ինչի մասին են խոսում ու վիճում կենդանիները

Շատ կենդանիներ մշակել են միմյանց հետ հաղորդակցվելու միջոցներ։ Ոմանք երգում են, մյուսները՝ պարում, երրորդները՝ միզում տեղանքում։ Թել Ավիվի համալսարանի գիտնականները կարողացել են հասկանալ եգիպտական չղջիկներին։ Պարզվում է՝ վերջիններս ոչ թե պարզապես գոռում են, այլ հստակ թեմաներ քննարկում։

Նեյրոէկոլոգ Յոսի Յովելն ու գործընկերները 75 օր շարունակ գրանցել են 22 եգիպտական չղջիկների՝ Rousettus aegyptiacus «հաղորդակցման ձայները»։ Ստացված 15,000 ձայնագրությունները նրանք համակարգչային ալգորիթմի միջոցով վերլուծել են։ Այդ ալգորիթմն ի սկզբանե նախատեսված է եղել մարդկային խոսքը վերծանելու համար։ Այնուհետև նրանք համադրել են ստացված ձայները տեսանյութերի հետ՝ հուսալով հասկանալ չղջիկների այս կամ այն ձայների նշանակությունը։

Պարզվում է՝ ձայներ նրանք պատահաբար չեն արձակում, ինչպես կարծում ենք բոլորս։ Ձայների 60%-ը գիտնականները բաժանել են չորս խմբի՝ ուտելիքի, քնի դիրքի, էգերի և անձնական տարածության վերաբերյալ վեճեր։

Բացի դրանից՝ ձայները կախված են եղել այն բանից, թե առանձնյակը կոնկրետ ում է դիմում։ Մենք՝ մարդիկս, ևս յուրաքանչյուրի հետ տարբեր կերպ ենք խոսում։ Բացի մարդկանցից՝ այդպես են վարվում նաև դելֆինները։ Մյուս կենդանիները բոլորի հետ միատեսակ են հաղորդակցվում։

Ըստ Յովելի՝ նախկինում համարվում էր, որ այս բոլոր ձայները նշանակում էին «գնա՛ այստեղից»։

Սրանով հետազոտությունը չի սահմանափակվել։ Յովելի խումբը նախատեսում է շարունակել «լեզվի» ուսումնասիրությունը։ Մասնավորապես՝ գիտնականները ցանկանում են հասկանալ՝ այդ լեզվին եգիպտական չղջիկներն ի ծնե են տիրապետում, թե՞ այն յուրացնում են կյանքի ընթացքում։ Հետաքրքիր է նաև այն, թե ինչպես են մի կենդանատեսակի ներկայացուցիչները հաղորդակցվում այլ կենդանատեսակի ներկայացուցիչների հետ։ Դրա համար նախատեսում են չղջիկների վրա բարձրախոսներ ամրացնել և նրանց վայրի բնության մեջ արձակել։

Նմանատիպ գրառումներ