«Գործը կարված է, հարցեր են տալիս, որոնք առնչություն չունեն գործին». Ռուբեն Սահակյան

Հունվարի 18-ին առաջին ատյանի դատարանի որոշմամբ բավարարվել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը ևս երկու ամիս երկարացնելու վերաբերյալ:

Դատարանի հիշյալ որոշման դեմ պաշտպանական խումբը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որը, սակայն, Վերաքննիչ դատարանի փետրվարի 7-ի որոշմամբ՝ մերժվել էր։

Փետրվարին հայտարարվել էր «Մարտի 1»-ի քրեական գործով Ռոբերտ Քոչարյանի և ևս երեք այլ պաշտոնյաների մասով նախաքննության ավարտի մասին։

Այսօր առավոտյան ժամը 10:00-ից սկսված դատական նիստին մասնակցում էր նաև Ռոբերտ Քոչարյանը։ Ըստ Ռ.Սահակյանի՝ ամենայն հավանականությամբ, Ռ. Քոչարյանը ելույթով հանդես կգա։

«Ելույթով կարծում  եմ, որ հանդես կգա, առաջին իսկ օրվանից ես լավ հիշում եմ՝ նա մի չքնաղ ելույթ ունեցավ։ Կգա ժամանակը՝ ինչ-որ մեկը կտա ձեզ գործի նյութերի մի մասը։ Օրինակ, ինքը ճիշտ է եղել, երբ հրավիրել է  խորհրդակցություն՝ հաղորդագրություն ստանալով Ազգային անվտանգության ղեկավարի կողմից, որ բանակին փորձում են ներգրավել քաղաքական գործընթացների մեջ, որ երկրապահը ոտքի է կանգնել, փորձում են միանալ ժողովրդին, մարդիկ զինված են, լսած կլինեք, որ խոսքը գնում է գեներալ Մանվելի, գեներալ Մելքոնյանի մասին։ Վերջերս նրա մի ելույթը լսեցի, որտեղ ասում է՝ հատուկ գնդի  80 տոկոսը միացել է ցուցարարներին, ի՞նչ է սա նշանակում, զինվորականները միացե՞լ էին ցուցարարներին, ի՞նչ իրավունքով, որ նրանք դուրս են քաղաքական գործընթացներից։ Այս առումով է, որ Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ ես ժողով եմ արել և ասել եմ՝ բանակը մի ներքաշեք։ Եթե չստացվեր՝ Ռոբերտ Քոչարյանին կմեղադրեին անգործության  մեջ։ Եթե արտակարգ դրություն չմտցներ, շատ եմ ցավում, որ մենք ունեցել ենք 10 զոհ, եթե ավելին  լինեին, կասեին՝ Ռոերտ Քոչարյանը անգործության մատնվեց, ինչքան զոհ ունեցանք»,- Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ժամկետը երկարացնելու գործով այսօրվա դատական նիստից հետո ասաց փաստաբան Ռուբեն Սահակյանը։

Նրա համոզմամբ՝ կատարյալ անգրագիտություն է տիրում գործի շրջանակներում:

«Ասում են՝ Պաշտպանության բանակն իրավունքն չունի խառնվելու ներքին հարցերին, անվտանգության հարցերը միայն սահմաններին պետք է լինեն։ Դա կատարյալ անգրագիտություն է։ Եթե այդպես ասում են, թող հղումներ կատարեն օրենքներին։ Մենք հղում ենք կատարում օրենքներին և ասում ենք՝ դա նաև ներքին հարց է։ Մենք ոչ թե միայն ներքին օրենքներին ենք հղում կատարում, այլ նաև՝ միջազգային փաստաթղթերին, – ասաց Ռ. Սահակյանը՝ ավելացնելով,- Իսկ ո՞վ է ասում, որ բանակը մասնակցել է քաղաքական զարգացումներին։ Սասուն Խաչատրյա՞նն ասաց, քննչական մարմի՞նն ասաց։ Ես չեմ հավատում նրանց, նրանց ասածը ջուր է։ Ես ասում եմ՝ 0038 հրամանն իր մեջ որևէ հանցավոր բան չի պարունակում, դրա բացատրությունն ավելի լավ, քան տվել է Սեյրան Օհանյանը, ոչ ոք չի կարող տալ»։

Լրագրողների հարցին՝ ինչպես է փաստաբանը վերաբերվում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի այն հայտարարությանը, որ Մարտի 1-ի գործողությունների ժամանակ զինվորներին վարձկանների էին վերածել, որոշ օլիգարխներ վճարում էին իրենց տները պահպանելու համար, Ռ. Սահակյանը պատասխանեց՝ նման հայտարարություն կարող է անել մարդը, որը նենգափոխում է գործի փաստերը.

«Իրեն մի հավատացեք, նա սուտասան է, ահավոր սուտասան մարդ է։ Ես քրեական գործն եմ կարդում, նման բան չկա։ Գործը կարված է, հարցեր են տալիս, որոնք առնչություն չունեն գործին»։

Հարցին՝ ի՞նչ ցուցմունքներ կան իր պաշտպանյալի դեմ, փաստաբանը պատասխանեց. «Հարց է տալիս մի սերժանտի՝ ի՞նչ գնահատական կտաք, արդյոք չի՞ խախտել Սահմանադրությունը, նա իրավաբան չի, ո՞նց կարող է այդ հարցին պատասխանել, ախր ո՞նց ես այդ հարցը տալիս մի մարդու, որը պատասխանելու իրավասություն էլ չունի»։

Նմանատիպ գրառումներ