Դանակահարված գյումրեցի 3 դպրոցականներից մեկը դեռ հիվանդանոցում է

Ապրիլի 12-ին դանակահարված գյումրեցի 3 դպրոցականներից միայն մեկն է գտնվում Ավստրիական մանկական հիվանդանոցում: Ընդունման պահին տուժածն ունեցել է կրծքավանդակի թափանցող վերք: «Երեխայի վիճակն արդեն բավարար է, ուղղակի հսկողության համար մի հատ էլ ռենտգեն կանենք այսօր: Անհանգստանալու կարիք չկա: Բայց ապահովության համար հնարավոր է նաեւ այսօր մնա հիվանդանոցում»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը:

Դպրոցական տղաներից երկուսի մոտ առկա են եղել քերծվածքներ: Նրանցից մեկն ունեցել է  կրծքավանդակի հետին մակերեսի կտրած ծակած վերք, առանց թափանցման, երրորդի մոտ առկա է եղել նստատեղի կտրած ծակած վերք: Բացի հիվանդանոցում ներկա պահին գտնվող պատանուց, մյուս երկուսը ստացել են բուժօգնություն եւ ուղարկվել են տուն:

«Նրանք չեն էլ պառկել, քանի որ դրա կարիքը չկար, հետազոտվել են, քերծվածքներ, վնասվածքներ ունեին, մշակվել են դրանք, ստացել առաջին բուժօգնություն եւ գնացել»,-ասաց Աշոտ Կուրղինյանը:

Նշենք, որ Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 21.30-ին բաժին է ներկայացել 28-ամյա Արթուր Կ․-ն և հայտնել, որ ժամը 19.00-ի սահմաններում, Անի թաղամասում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ ինքնապաշտպանության նպատակով 3 դպրոցականներին ինքն է դանակով վնասվածքները պատճառել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի հետ կապված հանգամանքները պարզվում են:

ՀՀ դատախազության տեղեկատվության համաձայն՝ Արթուր Կ․-ն ձերբակալված է: Քննությունը շարունակվում է։

Նյութի աղբյուր՝ https://armtimes.com

Նմանատիպ գրառումներ