Դատավոր Ալեքսանդր Ազարյանի գիտական ատենախոսության «copy paste»-ի օրակարգով ԱԺ հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի հարցերի հանձնաժողովը երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրելու: Օրակարգում լինելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործից հայտնի դատավոր Ալեքսանդր Ազարյանի գիտական ատենախոսության՝ արտագրված լինելու մասին ԲՈԿ-ի հայտարարությունը: Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:

«ԲՈԿ-ի ղեկավարը հաստատել է շրջանառվող տեղեկությունը, որ Ազարյանի ատենախոսության շուրջ 25 էջ ուղղակիորեն արտատպվել է: Մենք կցանկանայինք, որ պարոն Գոգյանը մեր հանձնաժողովին ներկայացներ մանրամասները»,- ասաց նա:

Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ տեղեկություններ կան, որ դատավոր Ազարյանի գիտական աշխատանքից մեկ այլ դատավոր է օգտվել՝ իր ատենախոսությունը գրելիս. «Սա պետք է լինի մեր հանձնաժողովի ուշադրության կենտրոնում: Քաղաքակիրթ հասարակությունում պաշտոնյաները և դատավորները, երբ նման սկանդալի կենտրոնում են հայտնվում, պարզապես պաշտոնաթող են լինում: Կարծում եմ, որ Հայաստանն էլ պետք է գնա այդ ճանապարհով»:

Մխիթար Հայրապետյանը մեկ այլ կարևոր հարց է բարձրաձայնում. մշտական հանձնաժողովի նախագահը նշում է՝ չի պատկերացնում, թե գրագողություն կատարած դատավորն ի՞նչ վիճռ է կայացնելու, եթե նման գործ քննելիս լինի:

«Հանձնաժողովի նիստում քննարկվելու է, թե ինչ օրենդրական նախաձեռնություններ են պետք, որոնք կբացառեն գրագողությունը»,- ասաց Հայրապետյանը:

factor.am

Նմանատիպ գրառումներ