«Ես իմ հիվանդության հետ «Միսս աշխարհում» եմ և ուզում եմ ասել, որ յուրահատուկ լինել չի նշանակում, որ դու գեղեցիկ չես». Լիանա Ոսկերչյանի անկեղծ խոստովանությունը «Միսս Աշխարհում»

«Միսս Աշխարհ Արմենիա» Լիանա Ոսկերչյանն այս օրերին Լոնդոնում է, որտեղ դեկտեմբերի 14-ին տեղի կունենա «Միսս Աշխարհ 2019» գեղեցկության միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը։ Մինչև եզրափակիչ ելույթը աղջիկները մասնակցում են տարբեր նախագծերի, հաղթահարում տարբեր փուլեր։ Գեղեցկության մրցույթի հայտնի բաժիններից մեկը «Տետ-ա-Տետ»-ն է, որի շրջանակում Հայաստանի ներկայացուցիչ 20-ամյա Լիանա Ոսկերչյանը անկեղծ պատմել է իր խնդրի մասին։

Լիանան պատմել է իր մաշկային խնդրի՝ Վիտիլիգո կոչվող հիվանդության մասին, որն իր մոտ հայտնաբերվել է 17 տարեկանում։ Լիանայի խոսքով այդ մասին իմանալու առաջին ողջ տարին իր համար շատ բարդ էր։

«Դրսում մարդիկ նայում էին, հարցեր տալիս, իսկ հասարակական տրանսպորտում փոխում էին իրենց տեղը՝ նկատելով մաշկիս գունազրկված բծերը։ Շատերի մոտ կարծրատիպ կա, թե դա վարակիչ է։ Իրականում նման բան չկա, դա մաշկի վիճակ է, որն ինձ յուրահատուկ է դարձնում»,- ասել է Լիանան։  

Ըստ գեղեցկուհու տիտղոսակրի՝  իր ներկայությունը նման մասշտաբային մրցույթին, ապացուցում է, որ ուրիշներին նման չլինելը դեռ չի նշանակում, որ դու գեղեցիկ չես։

«Որոշում կայացրի մասնակցել «Միսս Արմենիա» մրցույթին և ինքս ինձ ապացուցել, որ ես գեղեցիկ եմ,- նշել է Լիանան, ապա մի քիչ հուզված, բայց ժպիտով շարունակել,- Հիմա ես «Վիտիլիգոյիս» հետ այստեղ եմ՝ աշխարհի տարբեր կողմերից եկած ավելի քան 130 գեղեցկուհիների կողքին և հաղորդագրություն ունեմ ամբողջ աշխարհի համար՝ յուրահատուկ լինելը չի նշանակում, որ դու գեղեցիկ չես։ Գեղեցկությունը միայն քո արտաքին տեսքը չէ, այն ներաշխարհդ է, երբ գեղեցիկ ներաշխար ունես, արտաքինդ էլ է գեղեցիկ։ «Վիտիլիգո» ունեցող յուրաքանչյուր մարդու հասարակությունը պետք է ընդունի»։

Նա նաև նշել է, որ ծնողներից յուրաքանչյուրը պետք է զբաղվի երեխաների կրթությամբ՝ սովորեցնելով չմատնանշել մյուսներին, որոնք իրենց նման չեն։

Լիանայի խոսքով՝ ինքն իր բոլոր վախերն ու տագնապները հաղթահարել է աղոթքների միջոցով, որովհետև իսկապես մեծ հավատք ունի:

Նմանատիպ գրառումներ