«Երազում եմ մեծ ընտանիք ու շատ երեխաներ ունենալ»․ «Միսս տիեզերք Արմենիա» Դայանա Դավթյանը՝ 21-ամյակի ու անակնկալի մասին

«Միսս տիեզերք Արմենիա» ճանաչված Դայանա Դավթյանն օրերս տոնել է 21-ամյակը: Գեղեցկուհու տիտղոսակիրն այս տարի որոշել է ընկերուհիների հետ փոքր հավաքույթով տոնել տարեդարձը, իսկ լուսանկարներն ու օրվա մանրամասները պատմել է Tert.am Life-ին: Դայանան հայտնեց, որ երեկույթին ներկա են եղել միայն ամենամոտ ընկերուհիները:

«Օրս սկսել եմ անակնկալներով: Առաջին անակնկալը հայրիկս մատուցեց: Նա Հայաստանում չի ապրում, սակայն ուղիղ կեսգիշերին ծաղկեփունջ էր ուղարկել: Օրվա ընթացքում շատ նվերներ եմ ստացել ոչ միայն հյուրերիցս, այլև տարբեր մարդկանցից: Դեռ շարունակում եմ նվերներ ստանալ: Յուրաքանչյուր նվեր ինձ համար կարևոր է: Որևէ մեկն առանձնացնել չեմ կարող,- ասաց նա ու հավելեց, որ երբեք նախապես չի ասում, թե ինչ կարող են նվիրել իրեն: -Կարևորում եմ, որ նվերը սրտանց լինի»:

Տորթի մոմերը փչելիս Դայանան, անպայման, երազանք է մտապահում: Ասում է՝ իր երազանքների մեջ առաջնային տեղում է ծնողների առողջ ու իր կողքին լինելը:

«Իհարկե, ինձ համար էլ եմ երազանք պահում: Երազում եմ մեծ ընտանիք ու շատ երեխաներ ունենալ: Երազում եմ երջանիկ լինել անձնական կյանքում: Հաջորդ տեղում մասնագիտությանս՝ գրաֆիկ դիզայնի մեջ առաջատար լինելն է: Մոդելինգն էլ դարձել է իմ երկրորդ մասնագիտությունը: Այս տարի այն ինձ մեծ հաջողություն բերեց․ մանկուց երազում էի հայտնվել «Միսս տիեզերքի» բեմում, սակայն չէի պատկերացնում, որ ինչ-որ մի օր կհասնեմ այդ երազանքին: Հիմա մոտենում եմ իմ երազանքին ու հուսով եմ՝ կկարողանամ  պատվով ներկայացնել մեր երկիրը»,- ասաց նա:

Իր կյանքի ամենամեծ ձեռքբերումը Դայանան համարում է իր ծնողներին ու ընկերներին, իսկ բացթողում, կարծում է, չունի: «Յուրաքանչյուրս մեր կյանքում ինչ-որ տեղեր ունենք, որոնք պետք է լրացնենք, բայց մեծ բացթողում, որպես այդպիսին, չունեմ»,- նշեց Գեղեցկուհու տիտղոսակիրը:

Հեղինակ Ամալյա Հովհաննիսյան

tert.am

Նմանատիպ գրառումներ