«Երեխան սեռական դաստիարակության կարիք չունի»․ բժիշկ-սեքսոլոգ

«Հայկական ավանդական ասելիս, չգիտես ինչու, այսօր փորձում են հասկանալ այն ընտանիքը, որտեղ տիրում են խավարամտություն և վայրագ բարքեր,

որտեղ տղամարդը գերիշխում է կնոջը, անգամ բռնության ենթարկում նրան։
Սա լրիվ ԹԱՐՍ պատկերացում է, ՇԻՏԱԿՆ այն է, որ ավանդական ընտանիքում տիրում է սեր և
հանդուրժողություն, ամուսինների միջև կա փոխադարձ խնամք և հոգատարություն,-ասում է
բժիշկ-սեքսոլոգ Նարինե Ներսիսյանը։

Նրա համոզմամբ՝ ավանդական
է այն ընտանիքը, որտեղ զույգին միավորում է հոգևորը, որտեղ մարմնական կապը բխում է
հոգևոր միասնությունից և որտեղ գնալով ավելի շատ են սիրում
իրար՝ մոտենալով բացարձակ սիրո գաղափարին։

Մասնագետն անհարկի ուռճացված է համարում երեխաների սեռական դաստիարակության շուրջ
առաջ քաշվող պարտադիր պահանջն ու աղմուկը։

«Երեխան սեռական դաստիարակության
կարիք չունի,-ասում է նա-բավական է, որ երեխան առողջ միջավայրում գտնվի, և նա կմեծանա
առողջ։ Մեր խնդիրն առողջ միջավայր ստեղծելն է»։

Իսկ ինչպե՞ս ապահովել այդ առողջ միջավայրը։

«Քանի որ երեխայի հետ շփվող
անմիջական մարդը ծնողն է, նախևառաջ երեխան պետք է ունենա առողջ ծնողներ։ Եթե սեռական
տեսակետից ենք նայում, առողջ միջավայրը ենթադրում է սեռական խնդիրներից ազատ, սեռական
բարդույթներ ու խանգարումներ չունեցող ծնող։ Դրա համար ես միշտ ասում եմ, որ սեռական
դաստիարակությունն ավելի շատ ծնողին է վերաբերում,
քան նրա երեխային»։

Նրա խոսքով՝ կան որոշակի հարցեր, որոնք երեխայի հետ անշուշտ պետք է քննարկել, բայց
հատուկ ուշադրություն սևեռել սեռական թեմայի, մարմնիառանձին մասերի վրա, մտքեր հուշել, պատկերներ տպավորել,
ճիշտ չէ։

«Այդ ամենը ավելորդ ինֆորմացիոն
բեռ է, որը կարող է տպավորվող երեխայի հիշողության մեջ հետք թողնել՝ հետագայում դառնալով
սնունդ երևակայության համար, որն էլ ի վերջո իրականություն է ստեղծում,-ասում է բժիշկ-սեքսոլոգը,-
շատ թեմաներ վաղ տարիքում երեխային հետաքրքիր էլ չեն, իսկ եթե երեխան հետաքրքրվում
է և դա առողջ հետաքրքրություն է, ապա կարելի է նուրբ ձևով, շեշտը հոգևոր իմաստների
վրա դնելով
՝ իրազեկել տվյալ երևույթը»։

Ինչ վերաբերում է սեռական բռնությունից երեխային պաշտպանելուն, Նարինե Ներսիսյանը
կարծում է, որ այս հարցում նույնպես պետք է խիստ զգույշ լինել։ Օրինակ՝ պետք չէ երեխային
մանրակրկիտ ներկայացնել բռնության տեսարաններ և նկարագրել բռնի գործողություններ, չարաշահման
մանրամասներ։

«Իհարկե բռնարարներ կան,որն ընդհանուր առմամբ ես կոչում եմ Չար։ Երեխան
շատ լավ հասկանում է չարի և բարու տարբերությունը։ Վտանգավորն այն է, երբ երեխային
ասում են, թե աշխարհը միայն բարի է ու բոլորը բարի են։ Ոչ, չարը նույնպես կա, և երեխան
պետք է զգուշանա ոչ միայն սեռական բռնությունից, որը չարի մասնավոր դրսևորում է, այլ
ընդհանրապես ամեն տեսակ չարից։ Երեխային պետք է բացատրել, որ ցանկացած դեպքում, երբ
նա դիմացինի գործողությունների մեջ տարօրինակ բան է նկատում, պետք է հեռու մնա այդ
մարդու հետ շփումից»։

Անդրադառնալով «Իմ մարմինն անձնական է» գրքին՝ Նարինե Ներսիսյանն ասաց, որ այդ
գիրքն ավելի շուտ մանկական պոռնոգրաֆիայի ինդուստրիայի զոհեր է պատրաստում, քան ինչ-որ
խնդիրներ է լուծում։

Հարցին, թե արդյոք ճիշտ չէ՞ սեռական գրագիտությունը ներառել հանրակրթական ծրագրերում,
բժիշկ-սեքսոլոգն ասաց, որ այդ դեպքում պետք է ներառել միայն ավագ դպրոցում՝ որպես առանձին
առարկա, որը կվերաբերի առհասարակ փոխհարաբերությունների կրթությանը։

Նրա խոսքով՝ Եվրոպան, որտեղ սեռական գրագիտությունը դրված է ուսումնական ծրագրերի
մեջ ամենակրտսեր տարիքից, արդեն հետ է կանգնում այդ ճանապարհից։ «Վերլուծելով իրենց արդյունքները՝ նրանք եկել
են այն համոզման, որ այդ ծրագրեում կան բազում սխալներ, և հիմա մշակում են սեռական
գրագիտության նոր մոդել, որն ավելի համալիր մոտեցում է ենթադրում»։

Նարինե Ներսիսյանը կարծում է, որ փոխհարաբերությունները պետք է դիտարկել եռամիասնության
մեջ՝ հաշվի առնելով հոգեկան, հոգևոր ու մարմնական բաղադրիչները։ «Եթե շեշտը դնում ես միայն մարմնականի վրա, այլասերում
է ստացվում»։

Բժիշկ-սեքսոլոգի համոզմամբ, մեր արժեհամակարգն առավել մոտ
է հոգևորին, բայց մենք արհեստականորեն վերցնում ենք արևմտյան արժեքները, որոնք արդեն
արդիական չեն Եվրոպայում։

Նմանատիպ գրառումներ