Երևան ՋԷԿ-ը և Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ բլոկը վերագործարկվել են, մետրոպոլիտենը վերսկսել է աշխատանքը (լուսանկարներ, թարմացվում է)

19:17

Երեւանի մետրոպոլիտենը վերսկսել է աշխատանքը ժամը 18:55-ից։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:
 
 
19:10

Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ բլոկը նույնպես վերագործարկվել է:

18:22

Երևան ՋԷԿ-ը վերագործարկվել է։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

16։53 


ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ որևէ տեխնածին աղետ տեղի չի ունեցել, վթարն ուղղակի խոշոր է եղել, 1 ժամվա ընթացքում ամբողջ հանրապետությունում էներգամատակարարումը կվերականգնվի։ Նրա խոսքով՝ անհանգստանալու որևէ բան չկա։ «Որևէ տեխնածին աղետ տեղի չի ունեցել, չի էլ կարող ունենալ: Վթարն ուղղակի խոշոր է եղել, ամենախոշորը 2013 թ-ից սկսված: Տատանումները մեծ են եղել, դա ամբողջ էներգահամակարգի վրա ազդել է»,– ասաց նա:

16։34

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ էլեկտրաէներգիայի մատակարարման համակարգում այսօր տեղի ունեցած վթարի պահին 830 Մգվտ. պահանջարկի դեպքում, էլեկտրաէներգիայի արտադրությունը ընկել է մինչև 287 Մգվտ կամ պահանջարկի 35%-ը։

«Վերականգնողական աշխատանքների արդյունքում արդեն իսկ մատակարարվում է 587 Մգվտ. էլ. էներգիա, որը կազմում է պահանջարկի մոտ 70%-ը։

Երևանի ՋԷԿ-ի կամ Հրազդանի 5-րդ էներգաբլոկի վերագործարկումից հետո խնդիրները ամբողջապես կվերացվեն, այս պահին աշխատանքները շարունակվում են»,– գրել է Տիգրան Ավինյանը և գրառմանը կցել հետևյալ պատկերը։





16։27

«Զվարթնոց» օդանավակայանի լրատվական ծառայությունը էլեկտրաէներգիայի մատակարարման տատանումների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում ասվում է.

««Զվարթնոց» միջազգային օդանավակայանն այսօր մոտ կես ժամով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից հոսանքազրկվել էր: Սակայն, ի շնորհիվ ավտոնոմ էլեկտրոսնուցման աղբյուրների, օդանավակայանի բնականոն աշխատանքները չեն տուժել, չվերթերն իրականացվել են ժամանակին: 
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը տեխնիկապես պաշտպանված է նման դեպքերից»:


16։06

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը հանդես է գալիս շտապ մամուլի ասուլիսով՝ կապված հանրապետությունում էլեկտրաէներգետիկ համակարգի խափանումների հետ:

Ասուլիսին կարող եք հետևել ստորև։


 

16։04

Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը Tert.am–ի հետ զրույցում ասաց, որ Երևանում էներգետիկ համակարգի խափանումներով պայմանավորված որոշ խաչմերուկներում լուսացույցները չեն աշխատում: «Ճանապարհային ոստիկանությունն էլ վերահսկում է երթևեկությունը և կատարում է անհրաժեշտ աշխատանքներ երթևեկությունը կարգավորելու ուղղությամբ», -ասաց

15։35

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարություն է տարածել էլեկտաէներգիայի խափանումների վերաբերյալ, որում ասվում է.

«Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգում տեղի են ունեցել հաճախականության տատանումներ, որի հետևանքով աշխատել են արտադրող կայանների պաշտպանական համակարգերը։ Սկզբում անջատվել է Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, այնուհետև Երևանի ՋԷԿ-ը և ավելի փոքր արտադրողներ։

Այս պահին համակարգում հաճախականության տատանումներ չկան, կայունությունը վերականգնված է։ Տարվում են վթարավերականգնողական աշխատանքներ, էլեկտրաէներգիայի մատակարարումն աստիճանաբար վերականգնվում է։

Կստեղծվի աշխատանքային խումբ վթարի պատճառների ուսումնասիրման նպատակով։ Արդյունքների մասին հանրությունը լրացուցիչ կտեղեկացվի»։

15։24

«Վեոլիա ջուր» ընկերությունից տեղեկացնում են, որ էլեկտրամատակարարման համակարգում առաջացած խնդիրների պատճառով դադարեցվել է պոմպակայանների աշխատանքը և հնարավոր են ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ։
 
15.22

ՀՀ Կենտրոնական բանկի խոսնակ Հարություն Կբեյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ էներգետիկ համակարգի վթարի հետևանքով բանկերի աշխատանքը չի տուժել: «Որևէ խնդիր չկա, բանկերը իրականացրել են և շարունակում են իրականացնել իրենց բնականոն աշխատանքը»,- ասաց նա:

14։48

Մեծամորի ատոմակայանի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը, Tert.am–ի հետ զրույցում անդրադառնալով ատոմակայանի վրա Հրազդանի ՀԷՑ-ում և Երևան ՋԷԿ-ում տեղի ունեցած վթարների հետևանքներին, ասաց, որ Մեծամորի ատոմակայանը հունիսի 1-ից չի աշխատում, վերանորոգման և վերաբեռնավորման գործընթաց է սկսվել:

«Էներգահամակարգից մենք դեռ սպառիչ էլեկտրաէներգիա ենք ստանում: Այո, էներգահամակարգում խնդիրներ առաջացել են, և ճիշտ կլինի, որ դրա վերաբերյալ հարցերին մյուս ձեռնարկությունները պատասխանեն։ Մեր ներքին անվտանգությունն ապահովել ենք մեր գեներատորներից ստացված էլեկտրաէներգիայով: Մենք որևէ խնդիր չենք ունեցել»,- ասաց Մովսես Վարդանյանը։



13։41

Երևանի տարբեր վայրերում հուլիսի 10-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում էլեկտրականության տատանումներ են գրանցվել: Ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկացրել են, որ օպերատիվ խմբերն աշխատում են մարդկանց զանգվածային կուտակում ունեցող վայրերում՝ հատկապես մետրոյում:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Հայաստանում առկա է էներգետիկ համակարգի վթար: Հնարավոր են էլեկտրաէներգիայի անջատումներ: 

«Այս պահին ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչև երեկոյան ժամը 7-ը կարգավորվի»,-  նշում է ՀՀ փոխվարչապետը:

Երևանի մետրոպոլիտենից հայտնում են, որ հոսանքի տատանումների պատճառով մետրոպոլիտենի ամբողջ երկայնքով էլեկտրաէներգիայի մատակարարումը ընդհատվել է: Որոշ հատվածներում գնացքները մնացել են թունելներում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Այնուհետև հոսանքը մասամբ վերականգնվել է, երթուղու մեջ գտնվող գնացքները մոտեցել են կայարաններին, որտեղ ուղևորները տարհանվել են: Այս պահի դրությամբ թունելի մեջ է գտնվում Զորավար Անդրանիկ կայարանից դեպի Հանրապետության Հրապարակ կայարան մեկնող գնացքը: 

Իրավիճակը վերահսկողության տակ է: Մինչև հոսանքի հետ կապված խնդիրների կարգավորումը, մետրոպոլիտենի աշխատանքը կկասեցվելի»,- գրել է Հակոբ Կարապետյանը:

«Այս պահի դրությամբ թունելների մեջ գնացքներ չկան, բոլոր ուղևորները տարհանվել են»,-հավելել է Հակոբ Կարապետյանը։



Նմանատիպ գրառումներ