Ըստ Bloomberg-ի՝ Թուրքիան ծրագրում է ռուսական S-400-ները տեղակայել Միջերկրական ծովում:

Մամուլում շրջանառվում են տեղեկություններ այն մասին, որ Թուրքիան մտադիր է Ռուսաստանից գնած  S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը տեղակայել երկրի հարավային ափին:

Ամերիկյան հեղինակավոր «Bloomberg»-ի փոխանցմամբ` Թուրքիան ծրագրում է դա անել այն բանից հետո, երբ Միջերկրական ծովում բնական գազի որոնման աշխատանքների պատճառով լարվածություն ունեցավ Կիպրոսի հետ:

Ըստ որոշ տեղեկությունների` Թուրքիան ծրագրում է S-400-ները տեղակայել  ոչ միայն Միջերկրականի ափին, այլ նաև ռուսների կողմից Թուրքիայում կառուցվող «Akkuyu» ատոմակայանի հարակից տարածքում:

Թեմայի առնչությամբ Թուրքիայի կառավարությունը որևէ մեկնաբանություն չի արել:

Նշենք, որ ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի մատակարարման շուրջ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև լարվածություն է առաջացել:

Նախօրեին ԱՄՆ-ի պետդեպի խոսնակ Մորգան Օրտագուսը հայտարարել էր, որ եթե Թուրքիան ավարտին հասցնի ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի գնումը, ապա Վաշինգտոնը կկիրառի CAATSA («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին») օրենքը:

 

Աղբյուր` Ermenihaber.am

Նմանատիպ գրառումներ