Թեժ վեճ Իմ քայլը դաշինքի ու ԲՀԿ-ի պատգամավորների միջեւ

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ցեմենտի ներկրման համար տուրք սահմանելու նախագծի քննարկումը բուռն ընթացավ:

Նախ ելույթ ունեցավ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Սարգյանը, ով ասաց, որ դեմ է Իրանից ցեմենտի ներկրման վրա տուրք սահմանելուն: Նա հարցադրում արեց՝ իսկ ո՞վ է ասել, որ Հայասանը պարտադիր պետք է ցեմենտ արտադրի:

«Մենք նախկինում մաքսայինում խոչընդոտներ առաջացնելով՝ արգելում էինք պարսկական ցեմենտի մուտքը հայկական շուկա, որպեսզի տեղական գործարանները չկանգնեն, որովհետև մեր տեղական գործարանները, նրանց սեփականատերերը բազմիցս հայտարարում էին՝  եթե իրանական ցեմենտը մտնի Հայաստան, մեր գործարանները կփակվեն,  մենք վնաս կկրենք: Մի գործարան, ինչքան հիշում եմ, 400 աշխատող ունի, ասում էին՝ մեր 400 աշխատողները գործազուրկ կդառնան, դրա համար եկեք մենք մեր շուկայում ցեմենտը մի քանի անգամ թանկ ծախենք, ոչինչ, թող մեր 400 աշխատողներին պահենք»,- ասաց նա:

Սարգսյանը նշեց, որ ինքը հակառակն է ուզում պնդել. «Մեր համար ավելի կարևոր է, որ Հայաստանում ցեմենտի գինը լինի մի քանի անգամ ավելի էժան, ինչը նաև կբերի շինարարության էժանացմանը: Մենք ընդհանրապես պետք է հաշվառենք՝ մեր պետությանը ձեռք է տալիս 400 աշխատո՞ղ պահել, թե՞ մեր շինարարությունը էժանանա, և նաև այս մասով բյուջեում որոշակի մուտքեր ապահովենք: Իմ կարծիքով՝ այս 22 000 դրամ տուրքը պետք է վերանայվի, իջեցվի, որպեսզի նաև եկամտաբեր լինի ցեմենտ ներկրելը Իրանից, ինչը կբերի գների էժանացմանը: Եվ նաև բանակցություններ վարելով ցեմենտ արտադրողների հետ՝ նրանց մենք հորդորել ենք, որպեսզի վերանայեն իրենց ցեմենտի գները: Ըստ իս՝ նրանք արհեստական բարձր են ցույց տալիս ինքնարժեքը, ինչի հետևանքով նաև խնդրում են, որպեսզի մենք չթողնենք, որ իրանական ցեմենտը մտնի Հայաստան»,- նշեց Հայկ Սարգսյանը:

Նա ասաց, որ մեր գործարարները պետք է զգոնանան, որովհետև տարիներ շարունակ արտոնյալ պայմաններով միլիոնավոր դոլարներ են աշխատել: Պետք է այլևս թույլ չտալ դա, նրանք պետք է իմանան, որ մենք ունենք հարևան երկիր, որտեղից կարող ենք էժան ներկրել:

«Եվ ո՞վ է ասել, որ մենք պարտադիր պետք է ցեմենտ արտադրենք, և դրա հետևանքով նաև մեր շինարարությունը զգալի թանկանա»,- նշեց պատգամավորը:

Այս ելույթը հունից հանեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Դալլաքյանին, ով պատասխանեց Հայկ Սարգսյանին: “Անհասկանալի վիճակ ա, շատ հեշտությամբ խոսալ՝ 1000 մարդ կրճատենք, էն կողմ դնենք, 1000 մարդ էս կողմ դնենք: Մոտեցումը լրիվ անհասկանալի ա, էսօր խոսում ենք ներքին մրցակության մասի՞ն, թե արտաքին ուժից բերված ինչ-որ մրցակցություն, ներքինի համար անհասկանալի պատկեր ստեղծվի: Էսօր մենք պետք ա մտածենք հակառակը, հասկանանք՝ ո՞նց տեղական արտադրությունը մրցակցություն մտցնենք, բայց իրանց ասում են՝ չէ: Մեր գործընկերոջ ասած բառի վրա եմ զարմանում՝ 400 հոգի փակենք: Պարոն Սարգսյան, էտի մոտեցում չի: Էսօր ամեն մի հատ աշխատաուժի համար պտի կռիվ տանք, հաշվենք մեր ընտանիքներն են: Մարդը աշխատում ա, ասում են՝ չէ, դու մի աշխատի էլ: Հետաքրքիր ա, կուզենայի իմանայի՝ ձեր կողմից գոնե մի անգամ մի աշխատատեղ ստեղծվե՞լ ա, որ էդքան հեշտությամբ ասվում ա՝ փակենք, ջարդենք: Հլը արեք խոսանք՝ ո՞նց ավելացնենք, ո՞նց ուժեղացնենք”,- նշեց Դալլաքյանը:

Նա ասաց, որ իր կարծիքով՝ ոչ մի ցեմենտ էլ չպետք է Հայաստան ներկրվի, որովհետև տեղական արտադրողներն իրար մեջ պետք է մրցակցեն, ոչ թե դրսից եկած անհասկանալի արտաքին  ուժերի:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն իր ելույթում ասաց, որ այս պահին Իրանն արտաքին աշխարհի հետ ունենալով խնդիրներ՝ կարող է գրեթե անվճար էներգակիր տրամադրել իր արտադրողին: «Այսօր Հայաստանում արտադրվող ցեմենտը թանկ է, որովհետև էներգակիրներն են թանկ: Բայց մեր հարևան երկիրը հիմա դեմպինգ է անում, շուկան վերցնելուց հետո, գործարանը քանդելուց հետո, էդ վառարանները Պարսկաստան տանեուց հետո էդ գինը կդառնա 200 դոլար: Եվ մենք կկորցնենք արտադրություն՝ չգտնելով որևէ բան»,- ասաց Բագրատյանը:

Նա նշեց, որ սեփականատերերն այսօր պատաստ են արաբական երկրներից էժան ցեմենտ ներկրել, բայց չեն անում, ուզում են արտադրություն զարգացնել: «Իրենք ասում են՝ ինչի՞ ենք արտադրում, էսքան էլ մարդ ենք պահում, 15 դոլարով կբերենք, պարսկական ապրանքն էլ շուկայից դուրս կհանենք: Դուրս գանք էն հարաբերություններից, թե ովքեր են սեփականատերերը, դա բացարձակ մեզ չի հետաքրքրում: Մեզ հետաքրքրում է մեր երկրի մրցունակությունը»,- նշեց Բագրատյանը:

Նմանատիպ գրառումներ