Թող չփորձեն մանիպուլյացիա անել, սա պետության դեմ հանցագործություն է. Նազելի Վարդանյան

Ջերմուկցիների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիրքորոշում չի արտահայտել, բայց այն, ինչ մեզանից լսել է, պետք է ազդեցություն ունենա որոշում կայացնելու վրա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը՝ հավելելով, որ այլ ճանապարհ, քան մեր օրենքներն են պահանջում, չկա։

«Ես որքան հասկանում եմ՝ վարչապետը հանդիպում էր ջերմուկցիների հետ, որ հասկանա՝ ինչ է կատարվում։ Մենք մեր դիրքորոշումն ասել ենք, ես բոլոր օրենքները ներկայացրել եմ, հետո չեն կարող ասել` չգիտեինք, որովհետեւ իրեն լրիվ ապատեղեկացրել էին, օրենքները սխալ են ներկայացրել եւ սխալ մեկնաբանել։ Իմ մոտ տպավորություն է, որ մեկը նստում, ուշադիր լսում է` ես ինչ եմ ասում ու փորձում է դրա հակառակը ներկայացնել վարչապետին։ Լրիվ խեղաթյուրվում է, լրիվ այլ բան է ներկայացվում վարչապետին»,-նշեց նա։

Նազելի Վարդանյանը շեշտում է՝ չպետք է ամեն ինչով վարչապետը զբաղվի, իսկ շրջակա միջավայրի նախարարը, որը լիազորված է զբաղվել այդ հարցով, լռում է. «Վարչապետն ինքը խոստովանեց, որ ամեն ինչի մասնագետ չի կարող լինել։ Ես դա ընդունում եմ, չպետք է ամեն ինչով ինքը զբաղվի, դրա համար ապարատ կա, դրա համար կառավարություն կա, բայց կառավարությունը չի աշխատում, ամեն ինչ մի մարդու վրա է դրված, սկսած ցիանիդից վերջացրած դրենաժով ինքը պետք է հասկանա ու լուծի։ Սխալ է, այդպես չպիտի լինի, այն էլ այն պարագայում, երբ նրա ամբողջ շրջապատը սխալ ինֆորմացիա է տալիս։ Մի օրինակը տեսանք՝ Քննչական մարմինն ինչ է ասում, ու փորձագետներն ինչ էին ասում։ Անվերջ առերեսումներ չենք անելու, որ ինչ–որ մի բան ապացուցենք։ Սեպտեմբերի 4-ին Շրջակա միջավայրի նախարարությունը պետք է ներկայացներ իր եզրակացությունը։ Մի ամբողջ նախարարություն ենք պահում մեր հարկատուների հաշվին, այս հարցով նախարարությունը պետք է զբաղվի, շրջակա միջավայրի նախարարը մինչեւ հիմա ձայն չի հանում։ Ով հասկանում, չի հասկանում խոսում է, ինքը լռում է»։

Իրավաբանի խոսքով՝ հանդիպմանը ջերմուկցիները հստակ ասել են վարչապետին, որ մինչեւ արգելքը չլինի, ճանապարհները չեն բացելու, տուն չեն գնալու, մինչեւ վերջ պայքարելու են. «Դա իրենց կյանքի իրավունքն է, իրենց միջավայրը, ծննդավայրը պահելու իրավունքն է, դա իրենց սահմանադրական պարտականություն է, որը իրենք փառք ու պատվով իրականացնում են։ Հարցն այնպես է դրված, որ այդ հարցը պետք է լուծվի, օրենքը լուծել է արդեն, այլ ճանապարհ չկա, ինչքան էլ բանակցեն»։

Նա նկատում է՝ միջանկյալ լուծումներն էլ են անթույլատրելի. «Նույնիսկ հանքի ժամանակավոր շահագործումը անդառնալի հետեւանքների կբերի»։ Նազելի Վարդանյանն ընդգծում է՝ մեր օրենքի պահանջն է, որ այդ հանքի շահագործումը արգելվի. «Մեր բոլոր բնապահպանությանը վերաբերող օրենքներով այդ տարածքում արգելված է հանքարդյունաբերությունը, ես վարչապետի հետ հանդիպման ժամանակ այդ ցանկը ներկայացրել եմ, 11 օրենք եւ մեր կողմից վավերացված 10 կոնվենցիա է խախտվել փորձաքննության եզրակացություն տալով, 10 տարվա ընթացքում։ Մենք չենք կարող մեր օրենքներն ու այդ կոնվենցիաները խախտել, այս իշխանությունը եկել է օրենքը պահելու եւ ժողովրդին ասելու՝ դու ես տերը այս երկրի, ինքը չի կարող այդ գաղափարին դեմ գնալ։ Մեր օրենքի պահանջն է, որ այդ հանքի շահագործումը արգելվի, իսկ թե «Լիդիանը» արբիտրաժ կդիմի, թե չի դիմի, ՇՄԱԳ կներկայացնի, թե չի ներկայացնի, դա իր գործն է»։

Նա հարցը հանրաքվեի դնելու կողմնակիցը չէ. «Հիմա եթե ամենաբարձր մակարդակով սխալ տեղեկություն է տարածվել, հայտարարվել է, որ վնաս չկա, մարդիկ գնալու են, ի՞նչ ասեն, ուղղորդվել են, սխալ տեղեկություն է տարածվել։ Այո կամ ոչ ասելու համար մարդիկ պետք է պարզ իմանան, սակայն ամենաբարձր մակարդակով ապատեղեկատվություն է տարածվել։ Իսկ ժողովուրդը, որ այնտեղ է ապրում, իր դիրքորոշումը հայտնել է, 15 հազար մարզում ստորագրահավաք է հավաքվել, 3000 հազարը՝ Ջերմուկից։ Մարդիկ ասում են՝ մենք տնտեսություն ունենք, պետությունից ոչ մի օգնություն չենք ուզում, մեր ընտանիքը պահում ենք, ինչի եք գալիս, քանդում մեր տունը»։

Բնապահպան-իրավաբանի համոզմամբ՝ նոր ՇՄԱԳ–ը սխալ հարցադրում է. «Մենք պետք է ընկերությանը ասենք՝ դու փորձաքննական եզրակացություն չունես եւ առանց դրական փորձաքննական եզրակացության գործունեությունն արգելվում է։ Փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրել է, ուստի Ամուլսարում իրավունք չունի գործունեություն ծավալելու։ Իսկ նոր ՇՄԱԳ ընկերությունը պետք է որոշի ներկայացնի, թե չէ։ Առանց ՇՄԱԳ–ի չես կարող գործել, դա պետք է պարզ ասվի, հետո ընկերությունը նոր ՇՄԱԳ կբերի, թե կթողի կգնա, իր գործն է»։

Նա պնդում է՝ պետությունը պետք է պահի պետական շահը, ոչ թե «Լիդիան»-ի հարցերը լուծի. «Մեր պետությունը ամեն ինչ անում է, որ «Լիդիան»-ի հարցը լուծի, «Լիդիան»-ի արբիտրաժի հարցն ենք լուծում, «Լիդիան»-ի ՇՄԱԳ–ի հարցն ենք լուծում, մենք ուրիշ դաշտ ենք մտել, մենք պետք է մնանք մեր դաշտում, մեր պետական շահը պահենք»։ Նազելի Վարդանյանը ՇՄԱԳ–ի մասով հիշեցնում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ մասը, որով փորձաքննական եզրակացությունը կորցնում է ուժը, եթե նախատեսվող գործունեության իրականացումը չի սկսվում փորձաքննական եզրակացության տրվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում. «Այսինքն ինքը մեխանիկորեն ուժը կորցրել է, իրենք մինչեւ 2017 թվականի ապրիլի 29-ը պետք է սկսեին հանքարդյունաբերությունը, թող չփորձեն մանիպուլյացիա անել եւ մեր օրենքները սխալ մեկնաբանեն, սա արդեն պետության դեմ հանցագործություն է»։

Հիշեցնենք, որ ամերիկա-բրիտանական «Լիդիան Արմենիա»-ն Ամուլսարի ոսկու հանքի շինարարությունը սկսել էր դեռ 2016-ին՝ հայտարարելով, որ կներդնի ավելի քան 400 միլիոն դոլար, սակայն բնապահպանները տեւական ժամանակ թակ էին պահում դեպի Ամուլսար ճանապարհները: Կառավարությունը Ամուլսարի հարցով փորձագիտական եզրակացության համար 2019-ին դիմել էր լիբանանյան «Էլարդ» ընկերությանը՝ պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից հատկացնելով 396 հազար ԱՄՆ դոլար: Կառավարությունից հայտարարում էին, որ միայն այս եզրակացությունը ստանալուց հետո Ամուլսարի շահագործման վերաբերյալ վերջնական որոշում կկայացնեն։ Փոձագիտական եզրակացության մեջ նշված էր, որ ռիսկերը կառավարելի են, եթե պատշաճ մոնիտորինգ իրականացվի։ Նշենք, որ բնապահպանները դեմ են Ամուլսարի շահագործմանը եւ պնդում են, որ հանքն աղետալի ազդեցություն կունենա շրջակա միջավայրի վրա։ Վերջերս կայացած Skype-կոնֆերանսից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «Էլարդի» փորձագետների հետ տեղի ունեցած Skype-կոնֆերանսի ընթացքում ի հայտ են եկել մի շարք նոր հանգամանքներ, որոնք քննության եւ գնահատման կարիք ունեն. «Երեկվա քննարկումը նաեւ կարեւոր տեղեկատվություն էր պարունակում՝ պատասխանելու համար հարցին, թե արդյո՞ք Ամուլսարի ոսկու հանքի նախագիծը նոր ՇՄԱԳ անցնելու կարիք ունի: Հիշեցնեմ, որ Շրջակա միջավայրի նախարարությունը պետք է եզրակացություն տա մինչեւ սեպտեմբերի 4-ը»: Սակայն առ այսօր հայտնի չէ, թե ինչ եզրակացություն է ներկայացրել նախարարությունը։ Հավելենք, որ վարչապետը ահնդիպել է ջերմուկցինարեի եւ «Լիդիան»-ի ներկայացուցիչների հետ։

Նմանատիպ գրառումներ