Թուրքիայի ստերից հետո ժամանակն է հաստատել Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը․ Սմիթ

Թուրքիայի ստերից հետո ժամանակն է հաստատել Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը և հարգել զոհերի հիշատակը, վերապրածներին և նրանց ընտանիքներին: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկմանը նման կարծիք հայտնեց պալատի հանրապետական անդամ Քրիս Սմիթը։ «Թուրքիայի կառավարությունը իրականացրել է ժխտողական քաղաքականություն և դա արել է տասնամյակներ շարունակ, օգտագործելով զանազան միջոցներ, ահաբեկելով և պատժելով Թուրքիայի քաղաքացիներին, ովքեր համարձակվում են ճանաչել Օսմանյան կառավարության կողմից իրականացված ցեղասպանությունը, որը սկսվել է 1915 թվականից»,- ասաց Նյու Ջերսին ներկայացնող Սմիթը։  Նրա խոսքով՝ Անկարան ձգտում է վախեցնել ազգերին, սակայն արդեն տասնյակ երկրներ ընդունել են Հայոց ցեղասպանության փաստը։  «Մենք այսօր պետք է անենք նույնը: Տարիների ընթացքում մի քանի նախագահներ ճանաչել են դաժանությունն ու սպանդը: Ռոնալդ Ռեյգանն էլ անվանեց այն Հայոց ցեղասպանություն: Նա ասել էր, որ ինչպես Հայոց ցեղասպանությունը, դրան հաջորդած՝ կամբոջացիների ցեղասպանությունը, այնպես էլ շատ ազգերի այլ հետապնդումներ, Հոլոքոստի դասերը, երբեք չպետք է մոռացվեն»,- նշեց Սմիթը։ Նա հորդորեց չվախենալ Թուրքիայից, Էրդողանից և ուրիշներից։  «Հատուկ երախտագիտություն եմ հայտնում Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբին, Հայկական համագումարին և հայկական սփյուռքին՝ հետևողական քննարկումների համար: Թուրքիայի ստերից հետո ժամանակն է հաստատել Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը և հարգել զոհերի, վերապրածների և նրանց ընտանիքների հիշատակը»,- եզրափակեց Սմիթը։

Նմանատիպ գրառումներ