Թրամփը շնորհավորել է Ալիևին, անդրադարձել Արցախյան հակամարտությանը:

1918 թվականին Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության հռչակման հերթական տարեդարձի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունից շնորհավորական ուղերձ է ուղարկվել Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևին։ Տոնական խոսքերից բացի, ըստ Ադրբեջանի նախագահի կայքում տեադրված տեքստի, ուղերձում հիշատակվում են նաև Ադրբեջանի դերն ու Արցախյան հակամարտությունը։
Թրամփը գնահատում է «Ադրբեջանի ներդրումը միջազգային անվտանգության» գործում (ենթադրաբար նկատի է առնվում Ադրբեջանի մասնակցությունը Աֆղանստանում ԱՄՆ գլխավորությամբ անցկացվող խաղաղապահ առաքելությանը), ինչպես նաև «ներդրումը Եվրոպայի էներգետիկ անվտնագության» կայացման գործում (Ադրբեջանից նավթի ու գազի արտահանումները)։

Միաժամանակ, ամերիկյան վարչակազմը կարծես ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների խորացման նախապայման է դնում Բաքվի առջև՝ նշելով, որ օրենքի գերակայության հաստատման ուղղությամբ կատարվող քայլերը թույլ կտան իրականացնել դա։

«Մենք նաև հավանություն ենք տալիս Ձեր անձնական մասնակցությանը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացում, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և կայուն կարգավորմանը»,- նշվում է Ալիևին ուղղված խոսքում։

Նշենք, որ նախորդ տարվա շնորհավորական ուղերձի համեմատությամբ՝ Թրամփի այս ուղերձն ավելի համեստ է իր սպասելիքներում։ Այն ժամանակ ԱՄՆ նախագահի անունից ասվում էր, որ առաջիկա ամիսներին Արցախյան հակամարտության կարգավորման հնարավորություններ կլինեն։

Նմանատիպ գրառումներ