Ինչո՞ւ Աստված չի պատասխանում մեր աղոթքներին:

Ինչո՞ւ Աստված չի պատասխանում մեր աղոթքներին: Խնդիրը, հավանաբար, Նրա հետ ունեցած հարաբերության մեջ է: Մարդիկ գիտեն, որ Աստված գոյություն ունի և երկրպագում են Նրան, սակայն աղոթքներին պատասխան ստանալը կապված է Աստծո հետ իրական հարաբերություն ունենալու հետ: Կարևոր է, որ մարդ Աստծո հետ կենդանի հարաբերության մեջ մտնի:

Եթե մարդն Աստծո զավակն է և Աստծուն է պատկանում, Աստված ճանաչում է նրան և լսում նրա աղոթքները: Հիսուս ասում է. «Ես եմ բարի Հովիվը, և Ես ճանաչում եմ, նրանց, որ Իմն են, և ճանաչվում եմ նրանց կողմից… Իմ ոչխարներն Իմ ձայնը լսում են, և Ես ճանաչում եմ նրանց, և Իմ հետևից գալիս են։ Եվ Ես հավիտենական կյանք եմ տալիս նրանց, և նրանք հավիտյան չեն կորչի, և ոչ ոք չի հափշտակի նրանց Իմ ձեռիցը» (Հովհաննես 10.14, 27.28):

Երբևէ հարց տվե՞լ եք ձեզ, արդյո՞ք դուք ճանաչում եք Աստծուն, և արդյո՞ք Նա ճանաչում է ձեզ: Արդյո՞ք ունեք Աստծո հետ այն հարաբերությունը, որը երաշխիքն ու գրավականն է աղոթքներին պատասխան ստանալու համար, թե՞ Աստված ընդամենը հեռավոր և վերացական գաղափար է ձեր կյանքում. մարդն Աստծուն հիշում է միայն այն ժամանակ, երբ դժվարությունների մեջ է: Եթե Աստված հեռու է քեզանից, և վստահ չես Նրան ճանաչելու հարցում, ապա կարող ես Նրա հետ հարաբերություն սկսել հենց հիմա և ընդունել Նրան, անկեղծ զրուցել Տիրոջ հետ ու ոչինչ չակնկալել:

Աստված մեզ սովորեցնում է մեր անհանգստություններն Իրեն փոխանցել, նույնիսկ եթե իրավիճակն անփոփոխ է մնում. «Ձեր բոլոր հոգսերը Նրա վրա գցեք, որովհետև Նա հոգ է տանում ձեր մասին» (Ա.Պետրոս 5.7): Երբ թվում է, թե ողջ աշխարհը փուլ է գալիս, Աստված կարող է մեզ Իր ապահովության մեջ պահել: Այստեղ է, որ մարդը կարող է իր երախտագիտությունն արտահայտել Աստծուն՝ Նրան ճանաչելու համար: Ոչ մի բանի համար հոգս մի արեք, այլ ամեն բանում աղոթքով և գոհությամբ ձեր խնդրվածքները ուղղեք Աստծուն։ Մեր հույսի և հավատքի հիմքը հենց Աստծո սերն է. որքան բացահայտում ենք այդ սերն, այնքան ավելի ենք սկսում Նրան վստահել:

Մարիետտա Խաչատրյան

qahana.am

Նմանատիպ գրառումներ