Ինչո՞ւ են տղամարդիկ ավելի հեշտ հրաժարվում ծխելուց, քան կանայք:

Սովորաբար տղամարդիկ ավելի հեշտ են հրաժարվում ծխելուց, քան կանայք, պարզել են Սուրբ Միխայիլի հոսպիտալից կանադացի մասնագետները: Ըստ վիճակագրության՝ տղամարդկանց համեմատ կանայք 2 անգամ ավելի հազվադեպ են ծխելուց հրաժարվում:

Մասնագետները հետազոտություն են կատարել մասնագիտացված կլինիկա հաճախող 233 մարդու մասնակցությամբ (65 տոկոսը տղամարդիկ, որոնց միջին տարիքը 56 տարեկան էր): Կամավորները հետազոտության սկզբում ծխել են օրական միջինը 18 ծխախոտ (միջինը 37 տարի շարունակ): Ընդ որում՝ նրանց 66 տոկոսը տառապել է դիսլիպիդեմիայով, 66 տոկոսը՝ հիպերտոնիայով, 44 տոկոսի մոտ առկա էին սրտի եւ անոթների հիվանդություններ, իսկ 28 տոկոսին դեպրեսիա էր ախտորոշված:

Բոլոր պացիենտները դեղեր էին ստանում, որոնք պետք է օգնեին ծխելուց հրաժարվելուն (նիկոտինափոխարինող թերապիա): Կես տարի հետո 58 մարդ (25 տոկոսը) կարողացել է ծխելուց հրաժարվել, իսկ 68 մարդ (29 տոկոսը) ծխախոտի ամենօրյա թիվը ավելի քան կեսով կրճատել է:

Ընդ որում՝ ծխելուց հրաժարվածների մեծամասնությունը տղամարդիկ էին, իսկ կանանց համար ավելի բարդ է դա անել, բայց առայժմ դժվար է ասել՝ ինչու: Ի դեպ, կանանց շրջանում դեպրեսիան 2 անգամ ավելի հաճախ է հանդիպում (41 տոկոս ընդդեմ 21 տոկոսի), եւ նրանք սկզբունքորեն ավելի հազվադեպ են կլինիկա այցելում:

Հիշեցնենք, որ մասնագետների պնդմամբ՝ երբեք ուշ չէ ծխելուց հրաժարվելը. նույնիսկ տարեցների ծխելուց հրաժարվելը առողջական վիճակը զգալիորեն բարելավում է, ուստի բժիշկները կոչ են անում այս սովորությունից հրաժարվել հնարավորինս արագ եւ դրա համար անել հնարավոր ամեն ինչ:

Նմանատիպ գրառումներ