«Ինչո՞ւ ոչ». Էրդողանը չի բացառել ամերիկյան F-35-ի փոխարեն ռուսական Су-57-ի գնումը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չի բացառում ամերիկյան F-35-ի փոխարեն ռուսական Су-35 և Су-57 կործանիչի ձեռքբերումը, հայտնում է CNN-ի թուրքական ծառայությունը:

«Ինչո՞ւ ոչ: Մենք այստեղ («Միջազգային ավիատիեզերական սրահ» (МАКС-2019) ցուցադրությանը)» զուր չենք եկել»,- ասել է Թուրքիայի նախագահը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք ռուսական կործանիչները F-35-ի գնմանն այլընտրանքի թվում են:

Էրդողանը նաև ընդգծել է, որ վերջնական որոշումը կկայացվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից և Վաշինգտոնի դիրքորոշումը F-35 ծրագրին Թուրքիայի մասնակցության վերաբերյալ պարզելուց հետո:

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը «Միջազգային ավիատիեզերական սրահ» (МАКС-2019) ցուցադրության շրջանակում իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանին ցույց էր տվել նորագույն Су-57 կործանիչը:

Հիշեցնենք, որ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը հայտարարել էր, որ Թուրքիան կարող է ամերիկյան F-35 ինքնաթիռներ ստանալ միայն այն դեպքում, երբ ամբողջությամբ հրաժարվի ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների գնումից:

Նմանատիպ գրառումներ