Ինչպես է Ստալինը հայտնվել հայկական Սուրբ Ղազար կղզում և վտարվել այնտեղից. իտալական հայտնի ամսագրի հետաքրքիր անդրադարձը

Վենետիկյան Venezia Italiani պարբերականը հոդված է հրապարակել Իոսիֆ Ստալինի կյանքի մի հետաքրքիր հատվածի վերաբերյալ։

1907 թ. հունվարին կծկված երիտասարդ վրացին օդեսական շոգենավից աստիճաններով իջնում էր Անկոնի նավահանգիստ։ Նա ուներ կապույտ աչքեր, թուխ մազեր ու չխնամված մորուք։ Նա չգիտեր իտալերեն, սակայն տիրապետում էր անգլերենին, ռուսերենին, վրացերենին և հայերենին։ Խոսքը Իոսիֆ Ջուղաշվիլու մասին է։ Ստալին նա դարձել է ավելի ուշ՝ 1913-ին։

Իոսիֆը մտավ «Ռոմա է Պաչե» հյուրանոց, որից տեսարան էր բացվում դեպի Ադրիատիկ ծով։ Ասում են՝ նրա սենյակի վերևի համարներում տարիներ անց հանգրվանել է Մուսոլինին՝ Անժելիկա Բալաբանովայի հետ։ Սակայն Անկոնում Իոսիֆը երկար չմնաց։ Քիչ ժամանակ անց նա տեղափոխվեց Վենետիկ։

Հայ մխիթարյան վանականները նրան սպասում էին Սուրբ Ղազար կղզում։ Իոսիֆը նրանց մոտ անվանափոխվեց Բեպեի, իսկ Ջուղաշվիլի ազգանունը փոխարինվեց Ջիասոյով։ Միգուցե, իրենք էլ չիմանալով հանդերձ, նրանք ճիշտ որոշում էին կայացրել. «ջիասո» բառը վենետիկցիների խոսքում նշանակում է սառույց։ Սակայն նրանց հանդիպումն ամենևին էլ սառցե չէր։ Վանական Իգնացիո Ջուրեկյանը եղբայրների հետ գնահատեց Իոսիֆին որպես բանաստեղծի և խոռի երգչի։

Որպես հյուրընկալությանը շնորհակալություն՝ Իոսիֆը սկսեց ծառայել եկեղեցու զանգակատանը։ Սակայն նա առավել մեծ սիրով նվիրված էր բանաստեղծություններին, որոնք գրում էր երեկոյան և գիշերային զբոսանքների ժամանակ։

Սակայն որևէ մեկին չենթարկվելու ու չծառայելու ցանկություն շուտով առաջացավ Իոսիֆի մոտ։ Նա եկեղեցու զանգը իր ցանկացած եղանակով էր հնչեցնում՝ ուշադրություն չդարձնելով վանական եղբայրների կողմից սահմանված կարգին։ Իսկ եղբայրները ամենաթողություն ասվածը տանել չէին կարողանում, այդ իսկ պատճառով ապագա «ազգերի հայրը» հայտնվեց վանատան դարպասներից դուրս։ Այնտեղից նա ուղևորվեց դեպի Բեռլին։

Սակայն «ստալինյան սառույցը» Անկոնում մնաց տասնամյակներ շարունակ։ Երբ լրագրող Ռաֆայելե Սալինարին այցելեց դեռ գործող «Ռոմա է Պաչե» հյուրանոց, նա պատին փակցված տեսավ 1957 թ. տպագրված թերթից մի էջ, որտեղ խոսվում էր մեծ առաջնորդի աշխատանքի ու այնտեղ հանգրվանելու մասին։

Ստալինի մասին այս թեման վենետիկցիներին այնքան է հետաքրքրել, որ նրանք չեն պատրաստվում կանգ առնել։ «Մենք կգնանք Թիֆլիսյան բանկի կողոպուտի հետքերով, 1907 թ. Էրիվանյան հրապարակում տեղի ունեցած պայթյունի հետքերով։ Չի բացառվում, որ հաջորդ պատմության մեջ խոսենք Ստալինի՝ Կապրի՝ Գորկու տուն այցելության մասին կամ կրկին նրա՝ հայերի հետ Վենետիկում ունեցած հարաբերությունների մասին»,- նշել է հոդվածի հեղինակ Ֆրանկո Կորեն։ Նա վստահեցնում է, որ հոդվածը հետաքրքիր շարունակություն կունենա։

Նմանատիպ գրառումներ