Իշխանության նպատակն է ունենալ իր համար ցանկալի դատավոր-խամաճիկներ ՍԴ-ում. Սիրանուշ Սահակյանը՝ առաջարկվող նախագծերի մասին

Այդ դրույթը, կարծես, մի կողմից սպառնալիք է: Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը`անդրադառնալով «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթին:

Դրանցով, նշենք, նախատեսվում է, որ օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացրած Սահմանադրական դատարանի դատավորները մինչև իրենց պաշտոնավարման տարիքը լրանալը պահպանում են իրենց հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը, դրա նկատմամբ սահմանված հավելավճարները և սոցիալական երաշխիքները, իսկ պաշտոնավարման տարիքը լրանալուց հետո ստանում են օրենքով նախատեսված կենսաթոշակ։

«Նախագծով  կենսաթոշակ ստանալու երաշխիքը միայն տրվելու է այն դատավորներն, ովքեր կամարտահայտություն կարտահայտեն համակարգը լքելու: Այսինքն՝ այն դատավորները, որոնք նյութական շահագրգռվածությունից ելնելով հրաժարական կտան, կօգտվեն երաշխիքներից»,-ասաց նա և նշեց, որ կարգավորումը իրավական աղերսներ չունի, և սրա նպատակները այլ տեղում պետք է փնտրել:

«Նպատակը պետք է շղթայական կապի մեջ տեսնենք, քանի որ որոշակի գործընթացներ են տեղի ունենում Սահմանադրական դատարանի շուրջ, որի նպատակը նախկին անդամներից ձերբազատվելն է և գործող իշխանությունների համար ցանկալի դատավորներ այնտեղ ունենալն է, սա եղանակներից մեկն է հասնելու այդ նպատակին: Կարծում եմ, որ տարբեր ճանապարհներ են փորձում, որ հասնեն վերջնակետին: Դրանք բոլորը ուղիներ են, որի նպատակակետը մեկն է` ունենալ գործող իշխանությունների համար ցանկալի, ընդունելի և իրենց կողմից ուղղակի նշանակված դատավոր-խամաճիկներ Սահմանադրական դատարանում»,-ասաց նա:

Սիրանուշ Սահակյանը նշեց, որ իշխանությունը ցանկանում է Սահմանադրական դատարանի նկատմամբ վերահսկողությունը մեծացնել: Նա նաև առաջարկվող այդ կարգավորումը հակասահմանադրական համարեց: «Հույս ունեմ, որ եթե նույնիսկ քաղաքական նպատակներով բոլոր դեպքերում փորձեն այդ նախագիծը ընդունել, ապա գոնե կարևորագույն պաշտոնատար անձինք, ինչպիսին նախագահն է, ձեռնամուխ կլինի նման դրույթի սահմանադրականությունը վիճարկելու, և անկախ ներպետական գործընթացներից՝ կարծում եմ, որ միջազգային որևէ դատական ատյան, փորձագետ չի կարող անարձագանք թողնել նման հակաիրավական կարգավորում»,-ասաց նա:

Ըստ վերջինիս՝ միջազգային արձագանքը բացասական է լինելու, և այդ արձագանքից ելնելով՝ որոշակի հետքայլեր, հնարավոր է, իշխանության կողմից տեղի ունենան: «Դա կախված կլինի նրանից, թե ինչպիսի երկխոսություն կընթանա միջազգային գործընկերների և իշխանության ներկայացուցիչների միջև»,-ասաց նա:

Չնայած դրան՝ իրավապաշտպանը չի ակնկալում Հայաստանում որոշ քաղահասարակության ներկայացուցիչներից աջակցություն, քանի որ նրանց մի մեծ խումբ սպասարկում է իշխանության շահերը: «Բայց իրենց մասնագիտությանը և կոչմանը հավատարիմ մասնագիտական խմբերը իրենց դժգոհությունները կարտահայտեն, որը լուրջ ազդակ պետք է լինի իշխանությունների համար»,-հավելեց նա:

tert.am

Նմանատիպ գրառումներ