Իշխանությունները կոծկու՞մ են Մասիսի քաղաքապետի ծանր հանցագործությունը․ վիրավոր տղամարդու փաստը հանվել է քրեական գործից։

Մայիսի 10-ին հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեում ավարտվել է 2018 թվականի ապրիլի 16-ին Երևանի Հերացի և Կորյուն փողոցների խաչմերուկում, ապրիլի 23-ին Նորագավիթ թաղամասում տեղի ունեցած միջադեպերի, ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում անկարգությունների, ինչպես նաև՝ Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի մոտ արձանագրված խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի՝ 11 մեղադրյալի մասով նախաքննությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՔԿ պաշտոնական կայքից։

Հայանիստ-Հովտաշեն գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի մասով քննչական կոմիտեն հայտարարել է․«Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Համբարձումյանը մասնակցություն է ունեցել նաև Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում ապրիլի 22-ին արձանագրված միջադեպին ևս։

Մասնավորապես, Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, հանրահավաքի մասնակիցների երթը դեպի Երևան քաղաքի Հանրապետության հրապարակ արգելելու, խոչընդոտներ ստեղծելու նպատակով, Գ.Համբարձումյանը մի խումբ անձանց հետ, տևական ժամանակ առանց հաշվառման համարանիշերի ավտոմեքենաներով փակել է նշված խաչմերուկից դեպի Երևան քաղաք տանող ճանապարհը, որի ընթացքում Դավիթ Համբարձումյանը, Գ.Համբարձումյանը, ինչպես նաև մի խումբ անձինք հայհոյանքներ են հնչեցրել հանրահավաքի մասնակիցների հասցեին, նրանց տեղաշարժը կանխելու նպատակով բռնություն են գործադրել՝ ոտքերով, ձեռքերով և որպես զենք օգտագործվող, նախապես իրենց հետ վերցրած մահակներով և քարերով հարվածներ հասցնելով երթի մասնակիցներին:

Այդ ընթացքում Դավիթ Համբարձումյանը ավտոմեքենայի սրահից կրակ է արձակել խաղաղ երթի մասնակիցների ուղղությամբ՝ վտանգելով հասարակական անվտանգությունը՝ միաժամանակ հասարակության անդամների մոտ ստեղծելով վախի և սարսափի մթնոլորտ:

Բացի այդ, Դավիթ Համբարձումյանը, ըստ քննությամբ ձեռք բերված տվյալների, եղբոր՝ Գ.Համբարձումյանի հետ, բռունցքներով և ոտքերով հարվածներ է հասցրել ցույցի մասնակիցներին, ինչպես նաև՝ վնասել երթի մասնակիցներից մեկի «Նիսան» մակնիշի ավտոմեքենան:

Այդ ամենի ընթացքում մի խումբ անձինք մահակներով, ավտոմեքենայի խլացուցիչով և այլ առարկաներով, ինչպես նաև ձեռքերով հարվածներ են հասցրել երթի մյուս մասնակիցներին, վնասել Հայանիստ համայնքին պատկանող «CHEVROLET AVEO 1.2» և Արարատի մարզի բնակչին պատկանող «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենաները՝ համայնքին և քաղաքացուն պատճառելով գույքային վնաս»,-նշվում է ՀՀ քնչական կոմիտեի հայտարարության մեջ։

Հետաքրքիր է, որ քննչական կոմիտեն բաց է թողնում մի շատ կարևոր հանգամանք։ 2018 թվականի ապրիլի 22-ին նշված վայրում կրակոցների արդյունքում քաղաքացի է վիրավորվել։ Քննչական կոմիտեն գրում է կրակոցների մասին, բայց մոռանում է դրա հետևանքների մասին, իսկ հետևանքների մասին Politik.am-ը գրել էր մեկ տարի առաջ, և որպեսզի պատկերն ամբողջական լինի, ներկայացնում ենք մեր նախորդ տարվա հոդվածը, երբ դեռ պարզ չէր, թե ով է կրակողը․

«Երեկ երեկոյան Մեյմանդար- Երևան ճանապարհին հնչել են կրակոցները, տուժել է ավտոտեխսպասարկողը:  Փամփուշտը վնասել էր վերջինիս ոտքը: Տուժող քաղաքացին Հայանիստ գյուղի բնակիչ է: 

Դեպքի իսկությունը ճշտելու համար Politik.am-ի թղթակիցը կապ հաստատեց Հայանիստի համայնքապետ Բալաբեկ Սարկիսյանի հետ, ով  հաստատեց տեղեկության հավաստիությունը:

«Տուժող անձը աշխատում է մեր գյուղում, սակայն Էջմիածնի գրանցում ունի: Իր անուն-ազգանունը այս պահին չեմ հիշում, բայց  Մուկուչ  են ասում »,-ասաց համայնքապետը»։

Այս ամենը ստեղծում է ողջամիտ կասկած հանրության համար, որ ՀՀ իշխանությունները փորձում  են մեղմացնել Մասիսի քաղաքապետի հանցագործությունը։ Սպանության փորձը և առկա վիրավորի հանգամանքը փոխում են՝ դարձնելով հասարակ խուլիգանություն։

Նմանատիպ գրառումներ