Իջևանում անկարգությունների գործով 13 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, 10-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտվել կալանավորումը․ ՔԿ

Իջևան քաղաքում տեղի ունեցած անկարգությունների գործի շրջանակներում 13 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ․ Այս մասին Tert.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։ 

«10-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտվել կալանավորումը, մեկ անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը, իսկ երկուսի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է գրավով»,- ասաց Նաիրա Հարությունյանը:

Ավելի վաղ ՔԿ-ն հայտնել էր, որ 2019 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 18-ի սահմաններից սկսած, մի խումբ անձինք, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի խստացման հետ կապված իրենց դժգոհություններն արտահայտելու նպատակով փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Իջևան քաղաքի Երևանյան ու Իջևանյան  փողոցների հատման խաչմերուկի հատվածը` խուլիգանական դրդումներով դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով Իջևան քաղաքի բնակիչների և երթևեկության մասնակիցների նկատմամբ, բղավել, հայհոյել են, վնասել նշված խաչմերուկում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառի թիթեղյա ծածկը, գործադրել բռնություն, որպես զենք օգտագործվող առարկաների՝ քարերի և մահակների գործադրմամբ, մարմնական վնասվածքներ են պատճառել հասարակական կարգի ապահովման նպատակով հիշյալ վայրում ծառայություն իրականացնող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ ոստիկանության մի շարք աշխատակիցներին և չենթարկվելով վերը նշված հանցավոր գործողությունները դադարեցնելու՝ նրանց օրինական պահանջին՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված, գործադրել են ինչպես կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր, այնպես էլ՝ վտանգավոր բռնություն:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 316-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը և ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

tert.am

Նմանատիպ գրառումներ