«Կատարելագործում եմ անգլերենս, հաճախում եմ մարզասրահ և ինքս ինձ հոգեպես տրամադրում եմ»․ 21-ամյա Դայանա Դավթյանը՝ քաշ հավաքելու փորձի և Հայաստանը՝ «Միսս Տիեզերք 2019»-ում ներկայացնելու մասին

21-ամյա Դայանա Դավթյանն այս ընթացքում նախապատրաստվում է Հայաստանը ներկայացնել «Միսս Տիեզերք 2019» գեղեցկության միջազգային մրցույթին։ Դայանան նշեց՝ բավականին ակտիվ շրջան է, քանի որ մրցույթին մնացել են հաշված օրեր։  

Tert.am Life-ը գեղեցկուհու տիտղոսակիր Դայանայի հետ զրույցել է նախապատրաստական փուլի և հոգեպես տրամադրվելու մասին։

 «Իհարկե այս շրջանում բավականին ակտիվ նախապատրաստվում եմ։ Ներկայումս զգեստներիս հետ կապված ենք պատրաստվում․ ինձ համար կարում են տարազ և երեկոյան զգեստ։ Երկուսն էլ շատ ճոխ պետք է լինի, քանի որ հատկապես տարազի ցուցադրությունն այնտեղ մեծ ու շքեղ են կազմակերպում։ Մենք վերցրել ենք հայկական թեմատիկան և հնարավորինս գեղեցիկ, շքեղ ներկայացնելու ենք։  Այս շրջանում կենտրոնացած եմ անգլերենի գիտելիքներիս վրա և անգլերենս եմ կատարելագործում։ Այնտեղ անգլերենով հարցազրույց է լինելու և դրան ևս պատրաստվում եմ։ Արդեն մոտ մեկ տարի կլինի, ինչ կանոնավոր կերպով հաճախում եմ մարզասրահ»,- ասաց Դայանան։

Մոդելը նշեց՝ չնայած պատրաստվելուն, ամեն դեպքում, որևէ հատուկ սննդակարգի չի հետևում, քանի որ ավելորդ քաշի խնդիր չունի։ Հիշեցնենք, ավելի վաղ Tert.am Life-ին Դայանան հայտնել էր, որ 1․72 հասակով, 52 կիլոգրամ է։ Այս ընթացքում նա հակառակը՝ փորձել է քաշ հավաքելու փորձ անել․ «Ինձ մոտ մի փոքր այլ ստացվեց, քանի որ փորձում էի քաշ հավաքել և ինձ մոտ ստացվեց՝ քաշս 3 կիլոգրամով ավելացել է»։ 

Բացի ֆիզիկականը, Դայանան աշխատում է նաև հոգեպես պատրաստ լինել։

«Շատ եմ կարևորում նաև հոգեպես պատրաստվելը և այդ ուղղությամբ ևս աշխատում եմ։ Տրամադրվել եմ և գիտակցում եմ, որ ինձ շատ մեծ ու պատասխանատու միջոցառում է սպասվում։ Սա իմ մանկության  երազանքներից է և մինչև հիմա էլ դժվարությամբ եմ հավատում՝ մի տեսակ հեքիաթային է։ Եվ քանի որ մանկուց մրցույթին հետևել եմ,  քիչ թե շատ գիտեմ այնտեղ ինչ է կատարվում։ Պատկերացում ունեմ, սակայն երբ մրցույթին ոչ թե որպես հեռուստադիտող ես հետևում, այլ  մասնակից ես լինում՝  շատ ուրիշ կլինի։ Սպասում եմ, որ հաճելի և ուրախ օրեր են լինելու»,-ասաց Դայանան։

Մոդելը հասցրել է ծանոթանալ մասնակից երկրների մյուս բոլոր աղջիիկներին և արդեն ունի իր համար ֆավորիտ մասնակից․ «Այն որ այս մրցույթում կան ֆավորիտ երկրներ՝ դա գաղտնիք չէ՝ Ֆիլիպինները, Թաիլանդը, Վենեսուելան և եթե նկատած կլինեք, այդ երկրներն առաջատար դիրքերում են լինում։ Իհարկե որևէ բան հստակ չէ ու ես էլ իմ շանսերը բարձր եմ գնահատում։  Անկեղծ չեմ պատկերացնում ինչպես կլինի։ Մենք արդեն իրար ճանաչում ենք մյուս մասնակիցների հետ, խոսում ենք, սոցցանցերում հետևում ենք իրար։  Բացի ծանոթությունը, մենք ունենք խմբակային նամակագրություն և այդպիսով շփվում ենք։ Ինձ շատ է դուր եկել Նիգերիայի մասնակցի արտաքինը, սակայն,անկեղծ եմ ասում, բոլորը յուրովի գեղեցիկ են»։

Ինչ վերաբերում է իր տարիքին, ապա Դայանան նշեց․ «Երիտասարդ տարիքը, կարծում եմ, խոչընդոտ չէ, որովհետև հնարավոր է աղջիկը 18 տարեկանում ավելի հասուն և կայացած լինի, քան մեկ ուրիշը՝ 28-ում։ Տարիքային սահմանափակումն այնտեղ 18-28 է»։

Հիշեցնենք՝ «Միսս Տիեզերք 2019»-ը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին, սակայն աղջիկներն այնտեղ մեկնելու են նոյեմբերի 28-ին։

tert.am

Նմանատիպ գրառումներ