Կուտակային կենսաթոշակային համակարգին քաղաքացիների մասնակցությունը կրկին 5% դարձնելն օրենքի վերջնական տարբերակը չէ. Զարուհի Բաթոյան

Tert.am-ը գրում է.

Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթի մեջ ներառված է նաև Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի փոփոխությունը։ Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ կուտակային կենսաթոշա­կա­յին հատկացումների մասով պետական բյուջեի և քաղաքացիների մասնակցության հավա­­սա­րու­թյան սկզբունքը կվերականգնվի, այսինքն՝ 2022-ին կրկին անցում կկատարենք 5-5 տոկոսի՝ ներկայիս 2,5% -7,5-%-ի փոխարեն։ Այս փոփոխություններն արվում են եկամտահարկի համահարթեցման համատեքստում։ Tert.am-ը նախագծի փոփոխությունների, տրված խոստումները չներառելու հետ վերաբերյալ խոսել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հետ:

— Տիկի՛ն Բաթոյան, կուտակային համակարգին քաղաքացիների մասնակցությունը կրկին դառնալու է 5 տոկոս։ Այս դրույթի քննարկման ժամանակ նախկինում նախարարը հրաժարականի դիմում ներկայացրեց։ Ի վերջո, որոշվեց նվազեցնել շեմը ժամանակավորապես և քննարկել օրենքը։ Այս օրենքի վերջնական տեսքն ինչպիսի՞ն կլինի՝ հաշվի առնելով օրենքի հետ կապված հանրային դժգոհությունը։

— Օրենքը, ի վերջո, կընդունվի այն տեսքով, որը կհաստատի Ազգային ժողովը։ Օրենքի հետ կապված յուրաքանչյուր կարծիք հնչելու իրավունք ունի, յուրաքանչուր կարծիք պետք է լսված լինի։

— Փոփոխություն անելիս հանրային քննարկումներ եղե՞լ են։

— Օրենքի փոփոխությունների հետ կապված հանրային քննարկումներ եղել են այն ժամանակ, երբ նախարար էր Մանե Թանդիլյանը, դրանից հետո քննարկում չի եղել։ Կրկնեմ, որ յուրաքանչյուր կարծիք պետք է լսել, քննարկել, բայց օրենքը վերջնական ընդունում է ԱԺ-ն։

— Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ունի բացարձակ մեծամասնություն, վտանգ կա, որ չեն ընդունվի օրենքի ընդդիմախոսների առաջարկները, և կլինի այն, ինչ ի սկզբանե ներկայացրել է Կառավարությունը։

— Փաշինյանի կառավարությունն ունի ժողովրդի մեծամասնության ձայն, Ազգային ժողովն էլ ընտրվել է ժողովրդի մեծամասնության քվեի շնորհիվ։ Քաղաքացին տվել է իր ձայնը, ԱԺ-ն իրավասություն և լեգիտիմություն ունի այդ որոշումը կայացնելու։

— Երբ քաղաքացին իր ձայնը տալիս էր Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին, խոստում ուներ, որ պարտադիր կուտակային համակարգն այնպիսի փոփոխությունների պետք է ենթարկվի, որ այնքան գրավիչ կլինի, որ նույնիսկ մինչև 1974 թ․-ին ծնվածները  ցանկություն կունենան միանալ, ինչն այս փոփոխություններում չկա։

— Նախ ուզում եմ հիշեցնել այն, ինչի մասին նաև Նիկոլ Փաշինյանն է բազմիցս ասել, որ երբ Փաշինյանը պատգամավոր էր, այլ իրավիճակ է եղել, այս պահին մենք այլ իրավիճակ ունենք։ Հիմա կա օրենք, որը հասել է ինչ-որ կետի, կիրառվում է, նախկինում չկար։ Իրավիճակները տարբեր են։ Ինչ վերաբերում է խոստումներին, այս պահին չգիտեմ, թե կոնկրետ որ խոստումների մասին եք խոսում։

Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2019/04/07/Zaruhi-Batoyan/2967352

Նմանատիպ գրառումներ