Հայաստանի առաջնությունում խնդիրներն ավելի բարդ են, քան հայկական պանրի տեսականին․ Ալեքսանդր Գրիգորյանը` հայկական ֆուտբոլի մասին

Ռուսաստանում մշտապես սկանդալների կենտրոնում գտնված Ալեքսանդր Գրիգորյանի ասուլիսներն սկսել են «արդարացնել իրենց»: Սպասելի էր, որ Գրիգորյանի բուռն երկխոսությունները լինելու են նաև Հայաստանում:

Ինչպես հայտնում է Armsport-ը, «Ուրարտուի» գլխավոր մարզիչն «Արարատ-Արմենիայի» հետ հանդիպումից (0:0) հետո նախ թարգմանչին հարցրել է, թե արդյո՞ք ճիշտ է թարգմանել միտքը: Դրական պատասխան ստանալուց հետո Գրիգորյանը հումորով ներկա լրագրողներից մեկին հարցնում է, թե հնարավոր է վերջինս «Արարատ-Արմենիայի» կողմի՞ց է:

Գրիգորյանն աչքի է ընկել ուշագրավ մտքերով, երբ խոսել է հայկական ֆուտբոլի արտաքին և ներքին տպավորությունների մասին․ «Հայաստանի առաջնությունը, եթե ներսից, ապա չեմ ուզում մեկնաբանել, խնդիրներն ավելի բարդ են, քան հայկական պանրի տեսականին, ավելին՝ երբեմն ունեն նաև վառ հոտեր։ Ես մի փոքր արդեն առաջնությունը ներսից տեսել եմ, հետևաբար չեմ ուզում մեկնաբանել, թե ինչ կա ներսում։ Իսկ արտաքնապես՝ արևն է շողշողում Արարատի վրա, և ոչ միայն Երևանի «Արարատի», այլ մասնակից բոլոր ակումբների վրա։ 

Տեսեք թե ի՜նչ բում է․ 5 թիմ առաջին տեղին է հավակնում, 17 թիմ՝ Առաջին լիգայում։ Ես նայել եմ Առաջին լիգայի մի քանի խաղեր, էլ ում ասես որ ես չեմ տեսել այնտեղ, ճապոնացիներ կային նույնիսկ։ Օ՜․․․ հայերի ես չեմ տեսել այնտեղ։ 17 թիմ և չկան հայեր․․․Երևի թե սա շատ տրամաբանական քայլ է հայկական ֆուտբոլի զարգացման համար։ Իսկ եթե լուրջ խոսեմ, ապա ես մրցակցությունից բացի ուրիշ ոչինչ չեմ տեսնում․ Հավակնոտ ակումբներ՝ հավակնոտ տերերով։ Յուրաքանչյուրն ասում է՝ ես փողեր եմ ներդնում, արդյունքներ ցույց տվեք։ Տվեք կոլումբացիներին, տվեք պաղեստինցիներին, իսկ ու՞ր են հայերն այս ամբողջի մեջ․․․ Դրա համար եթե արտաքին տպավորության մասին խոսենք, ապա ամեն ինչ շատ գեղեցիկ է»։  

Ինչ վերաբերվում է այսօրվա խաղին, Ալեքսանդր Գրիգորյանը գոհ է ֆուտբոլիստների խաղի որակից և կարծում է, որ ոչ-ոքին այս խաղի արդարացի հաշիվն էր։

Նմանատիպ գրառումներ