Հայաստանի պարտվողական, վախկոտ, անգաղափար իշխանությունների հետևորդների համար սա դաս պետք է լինի. Քաղաքագետ

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը գրում է.

Եմենում հութիների հարավային շարժման զորքերը վերցրեցին Ադեն քաղաքը: Ադենն անկյունաքարային հենակետ էր կառավարական՝ սաուդական աջակցությունը վայելող և սաուդական զորքերի վրա հիմնվող սուննի բանակի համար:

Հարավային՝ Իսլամի նեղ աղանդ դավանող մի ցեղային խմբավորում, որ խիստ չափավոր աջակցություն է ստանում Իրանից և չունի ոչ մի մեծ կամ կարևոր այլ դաշնակից, շնորհիվ սեփական կամքի, համոզվածության, մարտունակության և անկոտրումության, ինչպես նաև ամեն գնով՝ ներառյալ ահռելի մարդկային կորուստները, հաղթանակ ապահովելու մտադրության՝ ընդամենը մի քանի տարի առաջ դուրս եկավ իր բնօրրանից և ծավալվեց ողջ Եմենով մեկ: Հութիների դեմ արդեն երկորրդ տարին է մասսայական ռազմական արշավ են իրականացնում տեղի գրեթե բոլոր սուննիական ցեղախմբերը, Սաուդյան Արաբիայի և Ծոցի արաբական այլ պետությունների զորքերն ու բանակները, ինչպես նաև անուղղակիորեն՝ Միացյալ Նահանգները:

Երեկ երեկոյան Եմենի կառավարության Ադենի զորքերի հրամանատարը խոստովանեց, որ կառավարության մայրաքաղաք ադենն այլևս ընկել է:

Հայաստանի պարտվողական, վախկոտ, անգաղափար բոլոր՝ ներառյալ ներկայիս իշխանությունների հետևորդների համար սա դաս պետք է լինի, որ հնարավոր է թշնամու մայրաքաղաքներ գրավել՝ երբ անգամ ողջ աշխարհն է քո դեմ և դու՝ լինելով ոչ-պետական, փոքր, անդաշնակից մի ուժ՝ ռազմական հաղթանակ ես տանում հսկայական և հրաշալի զինված ռազմական մի հուժկու կոալիցիայի նկատմամբ՝ գրավելով նրանց ոչ միայն առաջին, այլև՝ թվով երկրորդ մայրաքաղաքը:

Բայց մեր գիտակցությունն ապականվել է երեսուն տարի, իսկ ներկայիս իշխանության արցախյան հարցի անհետևողական, լպրծուն քաղաքականությունն ավելի է բարդացնում մեր վիճակը: Չնայած դրան՝ ժամանակն է, որ մեր հասարակությունն աստիճանաբար սկսի հասկանալ քաղաքական և ռազմական իրականության և իրադարձությունների իսկական օրինակները և դրանցից դասեր քաղի և եզրակացություններ անի:

Հաղթանակի համար մի քիչ զենք է պետք և անսպառ ոգի: Մենք երկուսն էլ ունենք: Մնում է գիտակցություն և կամք ունենանք՝ դա արտացոլելու մեր ազգային քաղաքականության մեջ: Բայց դրանից առաջ անհրաժեշտ է քաղաքականությունը դարձնել ազգային: Առայժմ այն շարունակում է խիստ ապազգային մնալ:

Նմանատիպ գրառումներ