«Հայաստանն իր քայլերով ուղղակիորեն պարտադրում է բոլորին՝ սկսած Ադրբեջանից մինչև Մինսկի խումբ, դիրքորոշում հայտնել». Ստյոպա Սաֆարյան

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ տեղի է ունեցել Արցախի բանակցային ձևաչափի խեղաթյուրում, երբ 1998 թվականի ճակատագրական որոշում է եղել ՀՀ իշխանությունների, մասնավորապես՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից, որը որոշեց իրենով փոխարինել Արցախի Հանրապետությունը։

«Պատահական չէ, որ այդ տարիներին քննադատությունները, որոնք հնչում էին մեր և այլոց կողմից, նշում էինք վտանգը, որ այդ ամենը բերելու է հակամարտության էության խեղաթյուրմանը։ Շատ ժամանակ այդ ամենն ընկալվում էր՝ որպես քաղաքական ընդդիմախոսություն, բայց իրականությունը մեկն էր, խնդիրը՝ ուզեինք թե ոչ, տեղափոխվում էր Հայաստան-Ադրբեջան հարթություն։

Սա այն էր, ինչի մասին երազում էր Ադրբեջանը, ստանալ թեկուզ և փոքր ապացույց, որ կոնֆլիկտն ունի Հայաստան կողմ, և չկա այնտեղ Արցախի Հանրապետության սուբյեկտ և բնականաբար Հայաստանն է հանդիսանում իրավիճակի տերը, ստատուս-քվոյի պատասխանատուն, «ագրեսիայի» իրականացնողը  և այլն»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ստյոպա Սաֆարյանը։
Ըստ նրա, այս ամենի արդյունքում 2007 թվականին նման խեղաթյուրված բանակցությունների պայմաններում, ՀՀ-ի, մասնավորապես՝ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին և Ադրբեջանի արտգործնախարարին է հանձնվել մադրիդյան առաջարկներ կոչվող փաթեթը, որտեղ ակնհայտ է հակամարտության էության խեղաթյուրում։

«Հակամարտության որոշ էլեմենտներ ճանաչված են հակամարտության հետևանքներ, բայց այնպիսի կարևորագույն խնդիր, ինչպիսին Արցախի կարգավիճակն է, ի վերջո, 1991 թվականին, ուզեն թե ոչ,  իրավունքի, այդ թվում՝ միջազգային իրավունքի տեսանկյունից Արցախի ինքնորոշման հարցն անթերի է եղել։ Ստացվում է, որ հակամարտության բոլոր իրողությունները ճանաչվում են աներկբա առկա խնդիրներ, իսկ Արցախին ասում են, որ մի կողմ են թողնում հանրաքվեն, որ արվել է , այժմ նորը պետք է անեն։ Այս ամենը բերեց նրան, որ Ալիևը դրանք կարդում է այնպես, ինչպես ուզում է»,- շեշտեց Ստյոպա Սաֆարյանը։

Նրա դիտարկմամբ, կա երկու խնդիր, որը պետք է վերականգնի ՀՀ վարչապետը, եթե նույնիսկ նա էլ չլինի, ապա ՀՀ որևէ ղեկավար։ Նախ՝ հարցի էության խեղաթյուրված խնդրի լուծումը և բանակցային գործընթացի վերականգնումը։

«Հայաստանը շատ տարբերվող մեկ բան է սկսել, նախկինում մենք նստած սպասում էինք, թե Մինսկի խմբի համանախագահները մեզ ինչ առաջարկներ են բերելու, ինչ հայտարարություններ են անելու, որին մենք կասեինք՝ համաձայն ենք կամ ոչ։ Բայց Հայաստանն իր քայլերով ուղղակիորեն պարտադրում է բոլորին՝ սկսած Ադրբեջանից մինչև Մինսկի խումբ, դիրքորոշում հայտնել, դրանք կարող են մեզ դուր գալ կամ չգալ, բայց սա այլ խնդիր է։

Եթե Մինսկի խմբի ներսում անդորր է խախտվել, և նրանք վախենում են, այսպես ասած, բանակցային ձևաչափի վերականգնումից, ապա այս  իմաստով ՀՀ արտաքին քաղաքականությունը, այո, ձեռնոց նետող քաղաքականություն է և բացարձակապես չի պատրաստվում ՀՀ շահերի հաշվին բավարարել այլ երկրորդական շահ»,- եզրափակեց Ստյոպա Սաֆարյանը։

Զվարթ Խաչատրյան

168.am

Նմանատիպ գրառումներ