Հայկ Մարությանը ցանկացել է հրաժեշտ տալ քաղաքապետի պաշտոնին. Փաշինյանը հորդորել է մի քիչ էլ սպասել

«Իրավունքի» ունեցած աեղեկությունների համաձայն՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն օրերս ցանկացել է հրաժարական տալ։ Հրաժարականի ցանկությունը պայմանավորված է եղել եգիպտական բուրգեր դարձած երեւանյան աղբով, որը դարձել է մեծ գլխացավանք ու անլուծելի Հայկ Մարությանի համար։

Վերջինիս նյարդերն ուղղակի տեղի են տվել, երբ տեսել է իր լուսանկարը երեւանյան աղբակույտերի վրա։ Սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել է մի քիչ էլ սպասել»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանը «վերցնելու» Վահե Գրիգորյանի անհաջող փորձից հետո եւ Վենետիկի հանձնաժողովի հայտնի զեկույցից օրեր անց Նիկոլ Փաշինյանի անսպասելի կոշտ գնահատականներին հաջորդեցին իմքայլականների հարցազրույցները՝ կուսառաջնորդի անմիջական հրահանգով։ Նրանք, ի հեճուկս զեկույցում արձանագրված իրողությունների, մեկը մյուսի հետեւից պնդում են ՍԴ նախագահի հրաժարականի անհրաժեշտությունը: Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ ՍԴ-ի դեմ հարձակման երկրորդ փորձը պատահական չէ․ Փաշինյանին հաջողվել է Վենետիկի եւ միջազգային կառույցների հետ փոխզիջման գնալ՝ ՍԴ-ն կվերցնեն Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դիմաց: Վենետիկն աչք կփակի ՍԴ-ի ՔՊ-ացման, Հրայր Թովմասյանի դեմ քրեական գործեր հարուցելու, նրան պաշտոնից հեռացնելու վրա, իսկ «Իմ քայլը» սեպտեմբերին կվավերացնի Ստամբուլյան կոնվենցիան»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, հուլիսի 14-ից Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել էր ԱՄՆ։ Այցին մենք արդեն անդրադարձել ենք։ Պատվիրակության մի մասն արդեն վերադարձել է, իսկ Արարատ Միրզոյանը՝ իր սիրելիների հետ, շարունակում է «վոյաժներն» ԱՄՆ-ում։ Մենք պարզեցինք, որ Միրզոյանը նախապես պլանավորել է, որ իր հետ մինչեւ վերջ՝ հուլիսի 26-ը, պետք է մնան ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, իմքայլական Աննա Կարապետյանը, իսկ ԲՀԿ-ական Արման Աբովյանին ու Լիլիթ Մակունցին մոտ մեկ շաբաթ առաջ տուն են ուղարկել։ Ի դեպ, այցը բաժանվել է երեք մասի․ Մակունցն ու Աբովյանը մասնակցել են միայն առաջին մասի հանդիպումներին՝ 14-18-ը, Վաշինգտոնում։ Հուլիսի 19-21-ը Միրզոյանը եղել է Բոստոնում, կոնկրետ 20-ին հանդիպել է հայ համայնքի հետ, իսկ հուլիսի 25-26-ը, ըստ պաշտոնական լրահոսի, նա պետք է լինի Նյու Յորքում: Սակայն Բոստոնի հայ համայնքի հետ հանդիպումից հետո ԱԺ կայքում որեւէ հաղորդագրություն այլեւս չկա ԱԺ նախագահի հանդիպումների մասին։ Ուշագրավ է, որ Մարուքյանը երեկ խուսափեց հարցից՝ ինքն ԱՄՆ-ո՞ւմ է, թե՞ ոչ։ Ասաց միայն, որ իր մասնակցությամբ այցն ավարտվել է հուլիսի 18-ին»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Սերժ Սարգսյանը` ընտանյոք հանդերձ (փոքր դուստրը, փեսան, թոռները), վերադարձել է Հունաստանից, որտեղ մեկնել էր Բադեն-Բադենից։ «Նրբությունն» այն է, որ վերադարձել են հայտնի գործարար Սամվել Կարապետյանիանձնական ինքնաթիռով: Ավելին` Հունաստանում Սարգսյանների ընտանիքը հանգստացել է Խալկիդիկի կղզում` Կարապետյանին պատկանող հյուրանոցում: Մենք վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե որտեղ է հանգստանում Նիկոլ Փաշինյանը։ «Հայաստանում»: Սեւանո՞ւմ՝ կառավարական ամառանոցո՞ւմ։ «Հայաստանո՛ւմ»: Ավելի ուշ վարչապետը նկարներ ներբեռնեց Դիլիջանից, որտեղ անցկացնում է հանգիստը։ ԿԳՄՍ սուպերնախարար Արայիկ Հարությունյանը եւս նույն օրը մեկնել է հանգստի։ Նրա մամուլի խոսնակից տեղեկացանք, որ «նախարարն իր հանգիստն անցկացնում է Երուսաղեմում»:

«Իրատես» թերթը գրում է. «Կառավարությունը շատ է հպարտանում, որ իր թիմում գործարարներ չկան, բոլորը աշխատավարձի հույսին են, դրա համար էլ պարգեւատրում են, որպեսզի մարդիկ լավ աշխատեն։ Սակայն «ծպտյալ» գործարարների պակաս, այդուհանդերձ, կառավարությունը չունի։ Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը եւ՛ Թբիլիսիում, եւ՛ Երեւանում ռեստորաններ ունի, ընդ որում, Վրաստանի մայրաքաղաքի Ռուսթավելի փողոցում՝ երկու ռեստորան։ «Լավ էլ հաց են տալիս էնտեղ»,- գոհունակությամբ նշեց մեր զրուցակիցը։ Ի դեպ, Վրաստանի հետ կապը պատահական չէ, Վլադիմիր Կարապետյանը 2001-2004 թթ. Վրաստանում ՀՀ դեսպանատանն աշխատել է որպես խորհրդական»:

«Հրապարակ» թերթը գրում է. ««Փյունիկ» հիմնադրամի համանախագահ, Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանի մտերիմ ընկեր Գաբրիել Ջեմբերջիինհարցրինք՝ չի՞ մտահոգվում իր ընկերոջ՝ Լեւոն Սարգսյանի եւ նրա ընտանիքի ճակատագրով։ «Ոչ մի անհանգստություն չիկա։ Եթե սխալ էր ըրել, ինքը հետախուզվում է․․․ եթե կպարզվի վաղը, որ ինքը շիտակ բաներ ըրած է կամ սխալ բան․․․ եթե իր արած գործերն արդեն կփակեն ատոնք, ատի ըսել է, որ ինքը շիտակ գործ է շատ արել»,- պատասխանեց Ջեմբերջին։ Ու թեեւ պրն Ջեմբերջին կարծում է, որ մարդը սխալական է, բայց․ «Իմ աչքովս կամ ակնոցովս տեսած չեմ, որ ինքը սխալ բան արած լինի»։

«Ժամանակ» թերթը գրում է. «Իշխանությունները հասկանալով, որ չեն կարողանա կանխել հաջորդ տարվա հունվարի 1-ից գազի գնի բարձրացումը, մտածում են, հակազդման ինչ միջոցի դիմեն։ Դրանցից մեկը կարող է լինել աշխատավարձերի եւ թոշակների բարձրացումը»:

«Ժողովուրդ» թերթը գրում է. «2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողովը նախօրեին նիստ է գումարել: Ինչպես հայտնի է, նրանք նիստերն անցկացնում են հատուկ «ժուչոկներից հեռու» մի սենյակում եւ հույժ գաղտնի պայմաններում, որ երբեք որեւէ մեկը չկարողանա ինֆորմացիա դուրս հանել: «Ժողովուրդ» օրաթերթին, այնուամենայնիվ, հայտնի դարձավ, որ ՀՀ ՊՆ աշխատակիցներից մեկն է եղել հանձնաժողովի հյուրը կամ, այսպես ասած, քննության թեման: Նրան հանձնաժողովականները «հարցաքննել են»: Հանձնաժողովի բոլոր անդամները հարցեր են ուղղել այդ անձին, փորձել են մանրամասն տեղեկություն ստանալ այն իրավիճակից, որը ստեղծվել է 2016 թվականի ապրիլի 1-2-ի օրերին: Իսկ թե ով է եղել ՊՆ ներկայացուցիչը, եւ ինչ հարցեր են տրվել նրան, «Ժողովուրդ» օրաթերթը եւս չի հրապարակում՝ հաշվի առնելով որոշ ռազմական գաղտնիքների վտանգները: Բայց, ամեն դեպքում, արձանագրենք, որ ՊՆ-ից նախապես պահանջված մի շարք փաստաթղթեր այս օրերին ուսումնասիրվում են հանձնաժողովի կողմից, որոնք եւս հետաքրքիր փաստեր են պարունակում»:

«Ժամանակ» թերթը գրում է. «2020 թ. Արցախի Հանրապետությունում անցկացվելիք նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միաժամանակ՝ ապրիլի 1-ին: Այս ընտրությունները կարող են լինել առաջինը, որոնց արդյունքները կանխորոշված չեն»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում նախընտրական մթնոլորտը շիկանում է։ Իշխանությունները Սամվել Բաբայանի պլան Բ-ի դեմ իրենց ծրագիրն ունեն։ Եթե Գերագույն դատարանի, ԱԺ-ի կողմից սահմանադրական փոփոխությունների առաջարկը մերժվի, եւ Բաբայանը գնա իր խոստացած հաջորդ քայլին՝ փողոցային ըմբոստությանը, ապա չի բացառվում, որ նրան ձերբակալեն։ «Բաբայանի վրա հազար հոդված կարելի է դնել՝ սահմանադրական կարգը տապալելու փորձից սկսած, վերջացրած անցյալի որոշ արարքներով»,- ասաց Արցախի մեր աղբյուրը։ Բաբայանի թիմը համագումար է պլանավորում, նախնական տեղեկություններով՝ այն կկայանա հուլիսի 28-ին»:

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը եւ «Ազատամարտիկների դաշինքի» ներկայացուցիչ Ռազմիկ Պետրոսյանը բացահայտ աջակցում են Սամվել Բաբայանի՝ Արցախում ծավալած քաղաքական գործընթացներին։ Նրանք նախկինում էլ այդ մասին չեն թաքցրել: Քանի որ Պետրոսյանը Արցախյան պատերազմի տարիներին եղել է Քարվաճառի գնդի հրամանատարը, իսկ ներկայումս Քարվաճառում են գտնվում իր նախկին գնդի զինվորներից ոմանք, նրանք այժմ իրենց աշխատանքները կենտրոնացրել են այդ ուղղությամբ, ի դեպ՝ փորձում են ազդեցություն ունենալ նաեւ Քարվաճառում ծառայող զինծառայողների վրա։ Ըստ Քարվաճառում բնակչության շրջանում տարածված լուրերի՝ Պետրոսյանն ու Մելքոնյանը փորձում են անգամ ահաբեկել եւ սպառնալիքների միջոցով մարդկանց ակտիվացնել։ «Փաստ» թերթի՝ Արցախից ստացած տեղեկությունների համաձայն, նրանք հիմնականում իրենց խոսքում նշում են, թե «եկել եք, ստեղ ապրում եք, բայց հեսա սրանք էս տարածքները հանձնելու են», նաեւ հայտարարում են, որ միայն Բաբայանը կարող է կանխել «հողերի հանձնման» գործընթացը»:

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակի» տեղեկություններով՝ իշխանության դեմ աշխատող ուժերի կողմից դատարաններին հրահանգ է իջեցվել հնարավորինս ձգձգել իրենց քննության տակ գտնվող հատկապես այն գործերը, որոնք վերաբերում են տնտեսությանը և հատկապես շինարարության ոլորտին: Նպատակը ներդրողների և գործարարների շրջանում դժգոհություն հարուցելն է: Շատ ներդրողներ բողոքում են, որ իշխանափոխությունից հետո դատարանները կազմակերպված տարբեր բողոքների հիման վրա կասեցնում են իրենց գործունեությունը՝ պատճառելով բազմամիլիոնանոց վնասներ: Այս ամենը, ըստ նրանց, կազմակերպված բնույթ ունի»:

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրաթերթը տեղեկացավ, որ օրեր առաջ ՀՀ մարզերից մեկում քաղաքացին լուրջ վնասվածք է ստացել, իսկ երբ հարազատները փորձել են ուղղաթիռ կանչել ու տեղափոխել բժշկական կենտրոն, բացասական պատասխան են ստացել։ Եվ պարզվում է՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի պրոպագանդած սանավիացիայի ուղղաթիռը Հայաստանում գիշերային ժամերին չի կարող թռիչքներ իրականացնել։ Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց «Արմենիան հելիքոփթերս» ընկերություն, որտեղից հայտարարեցին՝ նշելով. «Չեն աշխատում, քանի որ ուղղաթիռը վիզուալ թռիչք է իրականացնում, որը Հայաստանում հնարավոր չէ՝ լեռնային պայմանների հետ կապված։ Առհասարակ, ինքը վիզուալ թռիչք է, եւ տեխնիկապես, Հայաստանի աշխարհագրական դիրքի հետ կապված, հնարավոր չի կազմակերպել։ Հիշեցնենք, որ նախարարի՝ սանավիացիոն ծառայություն ներդնելու վերաբերյալ մտադրությունը դժգոհությունների ալիք էր առաջացրել որոշ մասնագետների մոտ, քանի որ սանավիացիան հարմարեցված չէ բժշկական օգնության տարրական՝ տեղաշարժվելու պայմաններին։ Հիմա էլ, փաստորեն, դժգոհություն կա ՀՀ որոշ քաղաքացիների շրջանում»:

«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած Սևանա լճի էկոլոգիական վիճակի վատթարացմանը՝ ամեն օր լճից բաց է թողնվում 2 մլն խորանարդ մետր ջուր: Ըստ էության, Սևանա լճի և էներգետիկ համակարգի շահերը հակադիր բևեռներում են գտնվում, և Սևանը փրկելու համար պետք է հրաժարվել Սևան-Հրազդան կասկադի արտադրած էժան էլեկտրաէներգիայից»:

Նմանատիպ գրառումներ