Հայտնիների երեխաների առաջին քայլերը դպրոց և նրանց տպավորությունները:

Այս տարի հայտնիներից շատերն իրենց փոքրիկներին ուղեկցեցին առաջին դասարան։ Նրանց թվում էին դերասան Գոռ Հակոբյանը, «Միսս Հայաստան 2001» Իրինա Թովմասյանը։ Tert.am Life-ը զրուցել է փոքրիկների ծնողների հետ և պարզել երեխաների տպավորությունները դպրոցական առաջին օրվանից։

«Միսս Հայաստան 2001», մոդել Իրինա Թովմասյանի միջնեկ դուստրը՝ Ալյան, արդեն առաջին դասարանցի է։ Ալյայի համար ծնողներն ընտրել են Վալդորֆյան մեթոդով կրթահամալիրը։ Իրինան դպրոցի ընտրությունը բացատրեց նրանով, որ նախ՝ այն մոտ է իրենց տանը, երկրորդ՝ կարևորել են դպրոցի ուղղվածությունը: Ըստ Իրինայի՝ այնտեղ երեխաներն անընդհատ արվեստի մեջ են լինելու։ 

Պարզվում է՝ փոքրիկն իր դպրոցական կյանքին սկսեել էր պատրաստվել դեռ ամիսներ առաջ: Օրերս էլ նա ներկայացրեց իր «Արդեն դպրոցական» երգի տեսահոլովակը։ 

«Ալյան իսկապես շատ էր սպասում դպրոցական կյանքին: Առավոտյան արագ հագնվեց, ինքն իրենով պատրաստվեց։ Ալյան հագավ դիզայներական հագուստ, որը հագել էր նաև իր «Արդեն դպրոցական» տեսահոլովակում։ Մայրիկի աչքով կարող եմ ասել, որ դպրոցում ամենագեղեցիկ հագնվածը հենց Ալյան էր, որովհետև մենք որոշել էինք պահպանել սև և սպիտակ դպրոցական դասական գույները»,- ասաց Իրինան։

Նրա խոսքով՝ դուստրը շատ տպավորված էր դպրոցական առաջին օրվանից․ «Դպրոցի անձնակազմը հետաքրքիր բան էր մտածել՝ հատուկ բույսերից պատրաստված կամար էին պատրաստել: Ծնողներով այն պահեցինք, իսկ երեխաներն անցան դրա տակով։ Ալյան շատ գոհ էր ու տպավորված, երբ դպրոցից դուրս եկավ, հարցրինք՝ ինչ է արել, ոգևորված պատմեց, որ դասղեկին է շատ հավանել։ Մեր առաիջն տպավորությունն իսկապես շատ վառ է»։

Դերասանուհի Օլյա Հակոբյանի և դերասան Աբել Աբելյանի ավագ որդին՝ Էրիկը, ևս այս տարի իր առաջին քայլերն է արել դպրոց։ Փոքրիկը հաճախելու է Մխիթար Սեբաստացի կրթահամալիր։ «Ընտրել ենք մի կրթահամալիր, որը բազմակողմանի գիտելիքներ կտա տղայիս, կապահովի հետաքրքիր ժամանց: Հուսամ՝ ամեն ինչ լավ կլինի»,- ասաց դերասանուհին։

Վերջինս ժպիտով նշեց, որ որդուց դեռ չի կարողանում կոնկրետ պարզել, թե ինչ տպավորություն ունի դպրոցական կյանքից․ «Կարծում եմ՝ նա որոշել է, որ արդեն ինքնուրույն է: Միայն ասաց, որ իրեն ամեն ինչ դուր է եկել և էլի կգնա այնտեղ։ Նա շատ լավ է տրամադրված դպրոց գնալուն, վաղուց էինք իրեն տրամադրում, որ շուտով պետք է դպրոց գնա: Շատ հանգիստ գնաց, ես ավելի շատ էի հուզվել»,- ասաց դերասանուհին։

Դերասան Գոռ Հակոբյանի կրտսեր որդին՝ 5-ամյա Ֆելիքսը, ևս Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սան է։ Մայրիկը՝ Հրանուշ Մնոյանը, մեզ հետ զրույցում հայտնեց, որ փոքրիկը մինչև առաջին դասարան հաճախելը եղել է նույն կրթահամալիրի նախակրթարանի սան։

«Ֆելիքսի հետ կապված ոչ մի մտահոգություն չունենք, շատ ճարպիկ է,- ասաց Հրանուշն ու ժպիով ավելացրեց,- Ֆելիքսը լավ սովորել չի խոստացել, դեռ չի պատկերացնում՝ դա ինչ է, սակայն շատ ուրախ է, որ 5 տարեկանում առաջին դասարան է գնում»։

tert.am

Նմանատիպ գրառումներ