«Հենց իմացավ, որ գեյ եմ, թևիցս բռնեց ու քարշ տվեց կոմիսարի մոտ». ԼԳԲՏ անձիք՝ բանակում

«Երբ կատարեցի հանձնաժողովի նախագահի հրահանգն ու մեկ քայլ առաջ եկա, վերցրեց իմ ամբողջ գործն ու ինչքան ուժ ուներ խփեց դեմքիս»

«Սեռական կողմնորոշման հիմքով բանակից ազատվելու ժամանակ հոգեբանական բռնությունն ու ճնշումները շատ հաճախ են լինում, իսկ ամեն երրորդը ենթարկվում է ֆիզիկական բռնության: Ես այդ «երրորդն էի»»…

Forrights.am-ի փոխանցմամբ, 18-ամյա Արտակ Առաքելյանն այս տարեսկզբին պետք է զորակոչվեր պարտադիր զինվորական ծառայության: Բժշկական հանձնաժողովի մոտ բուժզննում անցնելուց առաջ, Արտակը մոտենում է հանձնաժողովի անդամներից մեկին և ականջին ասում, որ նույնասեռական է, ինչից հետո սկսում է «կինոն»:

«Հենց իմացավ, որ գեյ եմ, էլ չթողեց խոսքս շարունակեմ, թևիցս բռնեց ու քարշ տվեց կոմիսարի մոտ: Չնայած իրենց իրավասությունների մեջ չի մտնում անձնական կյանքս քչփորելը, բայց սկսեցին շատ ինտիմ բնույթի հարցեր տալ, ծաղրել, վիրավորել ու ծիծաղել արտաքին տեսքիս վրա: Ամբողջ ընթացքում անընդհատ ոչ վայելուչ արտահայտություններ էի լսում հանձնաժողովի անդամների կողմից»,- Forrights-ին է պատմում Արտակը:

Նախնական բուժզննումից հետո Արտակին 2 օրով ուղարկում են Ավանի հոգեբուժարան՝ «բուժվելու»: Սահմանված կանոնակարգի համաձայն, հոգեբանն ու հոգեբույժը պետք է մասնագիտական եզրակացություն տան այն մասին, որ անձն ունի հոգեկան խնդիրներ: Արտակի դեպքում եզրահանգել էին՝ սեռի շեղում, որը ձեռք է բերել 15 տարեկանում: Ըստ եզրակացության, նա հենց այդ տարիքում է «հիվանդացել»:

Իր իսկ անվտանգությունից ելնելուց, այդ օրն Արտակը խուսափում է հոգեբուժարանում գիշերելուց: Օրեր անց նրան կանչում են վերջնական բժշկական հետազոտության, որտեղ սկսվում է «կինոյի երկրորդ մասը».

««Գեներալնի կամիսիայի» ժամանակ, ներքևում ինձ արդեն զգուշացրին, որ հանձնաժողովի նախագահը բավականին ագրեսիվ ա տրամադրված իմ հանդեպ: Երբ ներս մտա սենյակ, մոտ 15 անդամներից բաղկացած հանձնաժողովը սկսեց համատարած սեռական բնույթի հայհոյանքներ ու ռեպլիկներ թողնել իմ հասցեին, ծաղրել ու ծիծաղել ինձ վրա: Հանձնաժողովի նախագահ Հենրիկ Մուրադյանը րոպեներ անց առավել բորբորքվեց ու երբ կատարեցի իր հրահանգն ու մեկ քայլ առաջ եկա, վերցրեց իմ ամբողջ գործն ու ինչքան ուժ ուներ խփեց դեմքիս: Ես գոռգոռալով դուրս եկա ու զանգեցի կոմիսարին: Էլ երբեք չտեսա էդ մարդկանց…»,- նշեց Արտակը։

Նրա պնդմամբ, բժշկական հետազոտությունների ժամանակ հանձնաժողովը մի շատ կարևոր հարց է տալիս՝ արդյո՞ք նույնասեռական անձն իրեն հիվանդ համարում է: Եթե պատասխանը բացասական է լինում, ապա ուղարկում են բանակ: Արտակը նշել է՝ իրեն հիվանդ չի համարում, բայց և չի պատկերացնում իր ապահով և անվտանգ ծառայությունը բանակում:

Դեպքերից միայն ամիսներ անց է Արտակը ստանում զինվորական իր գրքույկը, որտեղ՝ բանակից ազատման պատճառ նշված էր՝ անձնային խանգարում, հոմոսեքսուալ տիպ, բուժման ենթակա չէ:

««Դիագնոզս» էդ էր: Զինգրքույկիս մեջ էդ գրվածքի «շնորհիվ» ես չեմ կարող հետագայում աշխատել պետական հիմնարկներում, զբաղվել մանկավարժությամբ, ունենալ վարորդական իրավունք և մի շարք այլ բաներ, որոնք «սովորական» մարդկանց հասանելի է»:

Այսօր Արտակը պայքարում է իր նկատմամբ կատարված բռնության դեմ: Արդեն իսկ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն, անձամբ Վալերիյ Օսիպյանին և Գլխավոր դատախազություն:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ գրառումներ