ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանն իրեն մեղավոր չի ճանաչում, ավելին՝ պնդում է, որ ինքը ոչ թե 4, այլ 1-2 նռնակ է կիրառել. «Հայկական ժամանակ»:

ՀՀ նախկին փոխոստիկանապետ, ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանի գործով նախաքննությունը դեռ շարունակվում է։

Երանոսյանին մի քանի ամիս առաջ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքների համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից եւ էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաեւ անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ։ Ըստ ՀՔԾ-ի՝ Երանոսյանը ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում եւ ապրիլի 22-ին Արցախի պողոտայի սկզբնամասում տեղի ունեցած դեպքերի ժամանակ հատուկ միջոցներ է կիրառել՝ դրա իրավասությունը չունենալով։

Առաջադրված մեղադրանքում Երանոսյանն իրեն մեղավոր չի ճանաչում, ավելին՝ պնդում է, որ ինքը ոչ թե 4, այլ 1-2 նռնակ է կիրառել, իսկ մյուս նռնակները կիրառել են ոստիկանության այլ ծառայողներ։

Մասնավորապես, պաշտպանական կողմը ներկայացրել է մի տեսանյութ, որտեղ, ըստ նրանց, երեւում է, որ պայթյունների քանակը եղել է ավելի շատ, եւ որ լուսաձայնային նռնակ կիրառվել է նաեւ ոստիկանության այլ ծառայողների կողմից։ Տեղեկացանք, որ Երանոսյանի դեմ ցուցմունք են տվել ինչպես ներկա, այնպես էլ նախկին ոստիկաններ, որոնք, սակայն, պնդել են, որ լուսաձայնային նռնակ կիրառել է բացառապես Լեւոն Երանոսյանը։

Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանի հետ զրույցը՝ ստորեւ.

– Հստակեցվա՞ծ է, թե կոնկրետ իր գործողությունների հետեւանքով տուժողները քանիսն են։

– Երբ վարույթն իրականացնող մարմինը  պնդում  էր,  որ  բոլոր նռնակներն էլ իմ պաշտպանյալն է կիրառել, ավտոմատ դառնում էր, որ դեպքի օրը նման վնասվածք ստացածները իր գործողությունների արդյունք են, բայց քանի որ մեր ներկայացրած տեսանյութերով այլ անձինք են երեւում, քննությունն արդեն պետք է փորձի տարանջատել, որպեսզի հնարավոր լինի նաեւ տուժողների ստացած վնասվածքները տարանջատել՝ ըստ կիրառողների, հետո արդեն հասկանալ իրավաչափությունը, կիրառման անհրաժեշտությունը։

– Այսինքն՝ ձեր կողմից ներկայացված տեսանյութով, ըստ ձեզ, չի՞ հիմնավորվում Երանոսյանին մեղսագրվող արարքը։ – Այո, այդ տեսանյութում հստակ երեւում է, որ պայթյունների քանակը եղել է ավելի շատ եւ նաեւ ոստիկանության այլ ծառայողներ են կիրառել: 

Նմանատիպ գրառումներ