Հնդկաստանում մեկնարկել են պատմության մեջ ամենամասշտաբային ընտրությունները:

Այսօր Հնդկաստանում մեկնարկել են պատմության մեջ ամենամասշտաբային ընտրությունները, գրում է India Today-ը:

Ընտրությունները կանցկացվեն 7 փուլով՝ ապրիլի 11-ից մայիսի 19-ն ընկած ժամանակահատվածում: Երկրի 20 նահանգներում արդեն մեկնարկել են խորհրդարանի ստորին պալատի՝ Լոկ Սաբհայի պատգամավորների ընտրությունները:

Ըստ կանխատեսումների՝ քվեարկությանը կմասնակցի Հնդկաստանի շուրջ 900 մլն բնակիչ, ինչի արդյունքում այս ընտրությունները համաշխարհային պատմության մեջ ամենամասշտաբայինը կդառնան, ինչպես նաև «ամենաթանկը». ընտրությունների անցկացման համար ավելի քան 7 մլրդ դոլար կծախսվի:

Հաշվի առնելով ընտրողների քանակը՝ քվեարկության արդյունքների ամփոփումը տեղի կունենա մինչև մայիսի 23-ը: Ընտրությունների կազմակերպման մեջ ներգրավված կլինի մոտ 11 մլն մարդ, որից 5 միլիոնը՝ պաշտոնյաներ և ոստիկաններ, իսկ ընտրատեղամասերի թիվը 1 միլիոնի կհասնի:

Խորհրդարանական ընտրություններում հիմնական պայքարը կընթանա երկու քաղաքական ուժերի՝ երկրի գործող վարչապես Նարենդրա Մոդիի ղեկավարած «Բհարաթիա ջանաթիա» և Ռահուլ Գանդիի ղեկավարած «Հնդկաստանի ազգային կոնգրես» կուսակցությունների միջև: Ըստ բրիտանական The Guardian-ի՝ այս ընտրությունները վարչապետ Նարենդրա Մոդիի նկատմամբ վստահության յուրատեսակ հանրաքվե են:

Նմանատիպ գրառումներ