Հովիկ Աբրահամյանի հեռացումն ու ՀՀԿ-ի վերջի սկիզբը. երեք տարվա հետհայաց

Հայաստանի նախկին իշխանությունների համար սեպտեմբերի 9-ը պատմական օր է: Ուղիղ երեք տարի առաջ այս օրը` կառավարության նիստի ժամանակ, անսպասելիորեն հրաժարական ներկայացրեց Հայաստանի այն ժամանակվա վարչապետ, ՀՀ առաջին փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը:

2016 թվականի սեպտեմբեի 9-ի հրաժարականի պատճառների վերաբերյալ ո’չ ինքը` Հովիկ Աբրահամյանը, ո’չ էլ այն ժամանակվա իշխող մեծամասնությունը` ՀՀԿ-ն, որևէ հիմնավոր բացատրություն չտվեցին: «Չնայած ամենօրյա աշխատանքով և սահմանին կանգնած զինվորի անսասան արիությամբ կերտվող 25-ամյա մեր հպարտ անկախությանը, մենք դեռևս անցումային խնդիրներ ունեցող երկիր ենք, որտեղ առկա տնտեսական և սոցիալական իրավիճակի բարելավման համար մեզ անհրաժեշտ են հասարակության և կառավարության միասնական ջանքեր: Իսկ դրա համար անհրաժեշտ են նոր մոտեցումներ, նոր սկիզբ: Այդ պատճառով, ես որոշել եմ հրաժարական տալ և նոր կառավարություն ձևավորելու հնարավորություն ընձեռել նախագահին: Պետք է մտածել մեր բոլորի հաջողության մասին և շանս տալ նոր կառավարությանը՝ կատարված աշխատանքի հիման վրա և նոր մոտեցումներով համախմբելու հասարակությանը»,- հրաժարականի խոսքում հայտարարել էր Աբրահամյանը:

Աբրահամյանից հետո ՀՀ վարչապետ նշանակվեց Մոսկվայից Երևան հրավիրված Կարեն Կարապետյանը: Իսկ Հովիկ Աբրահամյանը հրաժարականից մի քանի ամիս անց հեռացավ նաև ՀՀԿ-ից: Աբրահամյանի այդ քայլի վերաբերյալ հարազատ կուսակցությունից ընդամենը մեկ հիշարժան մեկնաբանություն է տրվել, և դա արվել է ՀՀԿ նախագահ Սարգսյանի կողմից.
«Գետերն առաջընթաց են ապահովում իրենց հոսքի ողջ երկայնքով, կյանք են տալիս, հաց են տալիս, ջուր են տալիս, և այն առվակները, որոնք պոկվում են մայր գետից և կարճ ժամանակում նորից չեն մտնում նույն հոսքի մեջ, չորանում ու գնում են: Սա՛ է բնության օրենքը, և որևէ մեկը մեզնից չի կարող հակադրվել բնության օրենքներին, մենք կարող ենք փորձել կառավարել, կարգավորել, բայց, ըստ էության, այսպես է լինելու…»:


Կյանքը ցույց տվեց, որ գետերի և առվակների մասին Սերժ Սարգսյանի փիլիսոփայությունը քաղաքական հեռանկար չուներ և ի վերջո դատապարտվեց պարտության: Ըստ էության, Աբրահամյանի հրաժարականն ու հեռացումը ՀՀԿ-ից ներքաղաքական և ներիշխանական հակամարտության հետևանք էր: ՀՀԿ-ն այն ժամանակ բաժանված էր թևերի. Հովիկ Աբրահամյանի թևի հեռացումն ու առերևույթ պարտությունը ինչ-որ իմաստով դարձավ նախկին իշխանության վերջի սկիզբը: Չմոռանանք` դա այն փուլն էր, երբ իշխանության ներսում քաղաքական լուրջ վերադասավորումներ էին սկսվել` 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների և 2018 թվականի ապրիլյան իրադարձություններին` Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետին ընդառաջ: Ըստ էության, այդ փուլում արդեն կայացվել էր քաղաքական ուրոշում, որ Սերժ Սարգսյանը կդառնա ՀՀ վարչապետ, չնայած որ հայտնի արտահայտությունը, թե ինքն այլևս չի ուզում դառնալ ՀՀ վարչապետ, ՀՀ նախագահ կամ ՀՀ ԱԺ նախագահ, Սերժ Սարգսյանի կողմից արդեն արված էր:


Ինչևէ, թե ինչ եղավ 2018 թվականի ապրիլին, Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուց հետո, հայտնի է: Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանին, պետք է նկատել, որ չնայած պաշտոնավարման ընդամենը երկուսուկես տարվան, նա` որպես վարչապետ, աշխատել է բավականին արդյունավետ: Աբրահամյանը երկուսուկես տարվա մեջ 2 անգամ բարձրացրեց նվազագույն աշխատավարձը` այն 45 հազարից հասցնելով 55 հազարի: Վարչապետի պաշտոնը ստանձնելուց ընդամենը երեք ամիս անց շուրջ 80 տոկոսով բարցրացրեց պետական համակարգի` նախարարությունների, մարզպետարանների, ՏԻՄ մարմինների աշխատավարձը, որն, ի դեպ, դեռևս 2008 թվականին նախագահական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանի տված նախընտրական խոստումներից էր: Այդ փուլում բարձրացվեցին նաև թոշակները և առողջապահության համակարգի պետական հատվածի աշխատավարձը:


Աբրահամյանի ժամանակ ներմուծվեց նաև անշարժ գույքի հիփոթեքային վարկի տոկոսները եկամտահարկով վճարելու համակարգը, որը գործում է առ այսօր և համարվում է հիփոթեքային շուկան խթանող լավագույն գործիք: Ընդհանուր առմամբ, Հովիկ Աբրահամյանի վարչապետության շրջանում աշխատավարձի ֆոնդն ավելացվել է 41 մլրդ դրամով, ճանապարհային շինարարության հատկացումներն հասցվել են 7,5 մլրդ դրամի, թունելների և ջրամբարների շինարարության համար նախատեսված միջոցները` 31 մլրդ-ի, մասնավորապես այդ փուլում մեկնարկեցին 4 խոշոր ջրամբարների շինարարության ծրագիրը:
Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման շրջանում էականորեն ավելացավ նաև Հայաստանի կողմից Արցախին տրվող պետական օգնության ծավալը, ավարտին հասցվեց Քարվաճառ- Վարդենիս ճանապարհի շինարարությունը:


 Հայկ  Դավթյան

hayeli.am

Նմանատիպ գրառումներ