Հովսեփը Հիսուսի երկրավոր հայրն էր և Աստվածամայր Մարիամի ամուսինը:

Ղուկիանոս Հարյուրապետի, Հովսեփ Աստվածահոր, Հովսեփ Արիմաթացու և Քրիստոսի բարեկամ Ղազարոսի ու նրա երկու քույրերի՝ Մարթայի և Մարիամի հիշատակության օրը Առաքելական Եկեղեցին այս տարի նշում էր հոկտեմբերի 21-ին:

Ղուկիանոսի մասին Ավետարանում չի հիշատակվում, բայց ավանդությունը այս անունով է հայտնում այն հարյուրապետին, ով հսկեց Հիսուսի խաչելության ընթացքը:

Ղուկիանոսը սեփական ականջներով էր լսել Հիսուսի այն խոսքերը, որոնք Նա ասել էր խաչի ճանապարհին և խաչի վրա: Այդ ամենից հետո հայրուրապետը իսկապես հավատում է, որ Հիսուս ոչ միայն չարագործ չէր, այլև անսովոր Մարդ էր: Հիսուսի մահվանը հաջորդող հրաշալի դեպքերը՝ արևի խավարումը, երկրաշարժը և այլն, խորապես ազդեցին նրա վրա և ի վերջո ինքնաբերաբար արտասանեց. «Արդարև, այս մարդն արդար էր» (Ղուկ. 23:47)։

Հովսեփի մասին մենք տեղեկանում են Աստվածաշնչից: Նա Հիսուսի երկրավոր հայրն էր և Աստվածամայր Մարիամի ամուսինը։ Նրանք դեռևս ամուսնացած չէին, երբ Հովսեփը տեղեկացավ, որ իր նշանածը հղի է։ Հովսեփը շփոթվեց, բայց քանի որ ազնիվ մարդ էր, «որոշեց լռելյայն արձակել» իր նշանածին: Մինչ այսպես խորհում էր, Տիրոջ հրեշտակը տեսիլքով երևաց նրան և ասաց. «Հովսեփ, Դավթի որդի, մի վախեցիր Մարիամին որպես քո կին տուն տանելուց, քանզի նրա մեջ ծնվածը Ս. Հոգուց է, և զավակ պիտի ունենա, և նրա անունը Հիսուս պիտի դնես»։

Քչերն են հավատքի այնքան մեծ հերոսներ եղել, որքան Հովսեփը: Սրանում կարելի է համոզվել, երբ հաշվի առնենք, որ նա իմանալով, թե իր կնոջ որովայնի պտուղն իրենից չէ, հավատում է հրեշտակի հայտնությանը։

Հովսեփ Արիմաթացին եղել է Հիսուսի ծածուկ աշակերտը։ Հովսեփն առաջինն է այն սակավաթիվ «մեծահարուստ»-ներից, որոնք ծածուկ, կամ հայտնի կերպով աշակերտել են Քրիստոսին և իրենց դիրքն ու դրամն ի սպաս են դրել քրիստոնեական վարդապետության տարածմանը և հաջողությանը։ Երբ Հովսեփն իմացավ, որ Հիսուսն արդեն մահացել էր խաչի վրա, և իմանալով, որ ըստ իրենց օրենքի` այդ օրը խաչի վրա չպիտի մնա, համարձակություն ունեցավ թաղելու համար մոտենալ Պիղատոսին և խնդրել Հիսուսի մարմինը: Պիղատոսը կատարեց նրա խնդրանքն ու արտոնեց։

Հովսեփը գիտեր, որ շատերի զայրույթին պետք է արժանանար իր այդ արարքով բայց նրա որոշումն ապացույցն էր այն բանի, թե ինքը որքան շատ է սիրում ու հավատում Հիսուսին, և ցանկանում էր իր բարեկամական վերջին պարտքը կատարել երիտասարդ Վարդապետի հանդեպ: Սա արդեն իսկական մեծության և ազնվական նկարագրի մի փաստ էր, որով օժտված էր Հովսեփը: Մխիթարական է տեսնել Հովսեփի նման ազնիվ հոգիներ, որոնք չեն փչացել նյութի և փառքի այլասերիչ ազդեցության տակ:

Ղազարոս, Մարթա, Մարիամը եղբայր և քույրեր են, որոնց հանդեպ Հիսուս հատուկ սեր և բարեկամություն է ունեցել: Ամեն անգամ, երբ Հիսուս Երուսաղեմ էր գալիս, Երուսաղեմի մոտ գտնվող Բեթանիա գյուղի նրանց տանն էր գիշերում:

Հովհաննեսի Ավետարանում ականատեսի մանրամասնությամբ ներկայացվում են Ղազարոսի հիվանդանալը, մահը, քույրերի վիշտն ու տառապանքը և ի վերջո Հիսուսի ձեռքով նրա հարությունը (Հովհ. 11:1-44):

Այս երեքի մեջ ամենաբախտավորը Մարիամը եղավ, ոչ միայն «լավագույն բաժինը» ընտրելու, այլև լավագույն ծառայությունը Քրիստոսին մատուցած լինելու համար: Իր եղբոր հարությունից հետո Մարիամը Հիսուսին թանկարժեք յուղերով օծելու երջանկություն ունեցավ:

Qahana.am

Նմանատիպ գրառումներ