Մանվել Գրիգորյանն ազատ չի արձակվի․ դատարանը մերժեց միջնորդությունը

Դատավոր Մնացական Մարտիրոսյանն այսօր մերժեց ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանների հերթական միջնորդությունը՝ փոխել խափանման միջոց կալանավորումը և կիրառել գրավ՝ 5 միլիոն դրամի չափով։

ՀՀԿ-ական նախկին պատգամավորի պաշտպանները դատարան էին ներկայացրել երեք օր առաջ անցկացված բժշկական կոնսիլիումի արդյունքները և պնդեցին, որ Գրիգորյանին օր առաջ ազատելը անհրաժեշտ է։

Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը Factor.am-ին ասաց հետևյալը․ «Հայտնաբերել էին ևս չորս ծանր հիվանդություններ և նշել էին, որ ակտիվություն պետք է լինի, ինչին խոչընդոտում է խափանման միջոց կալանավորումը։ Օրական ռեժիմով մի շարք դեղերը, որ ստանում է, նրան պետք է հնարավորինս ֆիզիկական ակտիվություն, մաքուր օդ, արևի լույս և այլն։ Եթե հիվանդանոցները գրանցում են հիվանդությունների աճ, նման պայմաններում անձին պահել կալանքի տակ, խոշտանգում է։ Հատուկ միտում եմ տեսնում տանջամահ անելու»։

Փաստաբան Լևոն Բաղդասարյանին խնդրեցինք ներկայացնել Մանվել Գրիգորյանի պահման պայմանները: «Գրիգորյանը գտնվում է կալանքի տակ, մեկ սենյակում։ Անզեն աչքով երևում է, որ վիճակը օր օրի վատանում է։ Մանվել Գրիգորյանը տեղաշարժվելու հետ կապված խնդիր ունի՝ չի կարողանում տեղաշարժվել առանց երրորդ անձի օգնության։ Գիշերային ժամերին անվտանգության աշխատակիցներն են օգնում։ Երկու ժամվա ռեժիմով ցավազրկումներ են անում և որոշակի գործողություններ են իրականացնում մարսողության հետ կապված և կարիք ունի հիգիենայի հետ կապված գործառույթներ իրականացնելու, որը խոչընդոտվում է կալանքի պայմաններում»,- ասաց Գրիգորյանի պաշտպանը։

Գիշերային ժամերին որևէ մեկը չի խնամում ԵԿՄ նախկին նախագահին, բայց ցերեկային ժամերին խնամակալ ներկա է լինում հիվանդասենյակում։

Հավելենք, որ այսօրվա դատական նիստին դատավոր Մնացական Մարտիրոսյանը առանց քննարկելու թողեց Գրիգորյանի պաշտպանների երկրորդ միջնորդությունը՝ անցկացնել արտագնա դատավարություն հիվանդանոցում։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանը գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։

Նույն բովանդակության մեղադրանք առաջադրվել է նաև նրա կնոջը՝ Նազիկ Ամիրյանին։ Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատական հերթական նիստը տեղի կունենա երկու շաբաթ անց։

factor.am

Նմանատիպ գրառումներ