Յուրի Խաչատուրովին կհրավիրե՞ն ԱԺ քննիչ հանձնաժողովի լսումներին. Անդրանիկ Քոչարյանը պատասխանել է փաստաբանին

2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը իր աշխատանքների շրջանակներում լսումների է հրավիրելու 2016թ. բանակում նշանակալի պաշտոններ զբաղեցրած բոլոր սպաներին։ Այս մասին՝ ի պատասխան քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի ներկայացուցիչ Հայկուհի Հարությունյանի հարցման՝ հայտնել է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին։

Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի գործով Գրիգորյանի ներկայացուցիչը  խնդրել էր Քոչարյանին՝ տեղեկացնել, արդյոք 2016թ. ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները քննող քննիչ հանձնաժողովը քննության առարկա դարձնելու է նաև Յուրի Խաչատուրովի մասնակցությունը ապրիլյան ռազմական գործողություններին։

Հիշյալ փաստաթուղթն այսօր՝ հոկտեմբերի 7–ին Յուրի Խաչատուրովն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի գործով նախնական դատական նիստում դատարանին ներկայացրեց  Գրիգորյանի ներկայացուցիչը։  Այսօրվա նիստում հայցվոր կողմը նոր ապացույցներ ներկայացրեց դատարանին։

Գրիգորյանի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ հաջորդ նախնական նիստին  դատարան կներկայանա իր վստահորդը՝ Ստեփան Գրիգորյանը և անձամբ իր առարկությունները կներկայացնի հայցադիմումի վերաբերյալ։

Նշենք, որ Յուրի Խաչատուրովը դեռևս 2018թ. օգոստոսի 10-ին հայցադիմում էր ներկայացրել դատարան՝  Ստեփան Գրիգորյանի կողմից իր պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և հերքման պարտավորեցնելու պահանջներով։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանն իր մամլո ասուլիսներից մեկում անդրադարձել էր 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի մասին՝ ասելով, թե որոշ գեներալներ չեն եղել իրենց տեղում, կարճ ժամանակում չեն եկել աշխատավայր, ինչպես նաև՝ մեղադրանքներ էր հնչեցրել, որ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին որոշ տարածքներ վաճառվել են ՀՀ գեներալների՝ այդ թվում Յուրի Խաչատուրովի կողմից:

Պատասխանող Ստեփան Գրիգորյանի ներկայացուցիչ Հայկուհի Հարությունյանը առարկել է ներկայացված հայցի դեմ՝ կարծիք հայտնելով, որ ասուլիսի ընթացքում Գրիգորյանի կողմից արված արտահայտությունները չեն կարող համարվել զրպարտիչ, քանի որ դրանք ընդհանուր են և վերաբերելի չեն կոնկրետ անձի, մինչդեռ հայցվոր  կողմի պնդմամբ՝ այդ արտահայտություններն ուղղված են եղել հենց Խաչատուրովին և արատավորում են նրա պատիվն ու արժանապատվությունը։

Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովը  ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատվել է 2018թ. նոյեմբերի 2-ին։ Նա մեղադրվում է «Մարտի մեկի» գործով սահմանադրական կարգը տապալելու համար։ Նրա և ևս երեք բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ գործը ներկայումս քննվում է դատարանում։

Նմանատիպ գրառումներ