Նաիրա Զոհրաբյանի ամեն երկրորդ բառում տեսնում եմ մարդու իրավունքների ոտնահարման փորձ․ Թագուհի Ղազարյան

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի ամեն երկրորդ բառում կամ հայտարարությունում տեսնում եմ մարդու իրավունքների ոտնահարման փորձ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը։

«Տիկին Զոհրաբյանի հետ մոտեցումների տարբերություններ ունենք մարդու իրավունքների շուրջ ծավալվող իրադարձությունների մասով, տարբեր կերպ ենք ընկալում իրավիճակները եւ մեկնաբանում։ Տիկին Զոհրաբյանի ամեն երկրորդ բառում կամ հայտարարությունում տեսնում եմ մարդու իրավունքների ոտնահարման փորձ։ Տիկին Զոհրաբյանը խոսում է պիտակավորումներով, վիրավորում խոցելի խմբերին, որոնց իրավունքները պետք է պաշտպաներ»,-նշեց նա։

Պատգամավորը հերքեց լուրերը, թե ինքն ու խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ քննարկել են Նաիրա Զոհրաբյանին  հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարցը․ «Նախ որովհետեւ Մարիա Կարապետյանը երկար ժամանակ է՝ երկրում չէ, իսկ ես էլ տիկին Մակունցի հետ խմբակցության նիստին եմ հանդիպել, նման հարցով չեմ խոսել նրա հետ»։

Նմանատիպ գրառումներ