Նիկոլ Փաշինյանը չդիմացավ:

Սահմանադրական դատարանի և հատկապես ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ քաղաքական կրքերի գերշիկացումը վաղուց արդեն որևէ աղերս չունի իրավաբանության հետ: 

Ազգային ժողովն ըստ ամենայնի քվեարկությամբ կհաստատի ՍԴ նախագահի պաշտոնանկության նախագիծը և այն կուղարկի Սահմանադրական դատարան: Կանխատեսել, թե ինչ որոշում կկայացնի Սահմանադրական դատարանը` Հրայր Թովմասյանի հետ կապված, անշնորհակալ գործ է: Իշխանության համար Հրայր Թովմասյանի պաշտոնազրկման հարցը օրհասական նշանակություն ունի, քանի որ դրանով ի կատար է ածվելու Նիկոլ Փաշինյանի` գրպանային դատական համակարգ ունենալու անզուսպ ցանկությունը: Սահմանադրական դատարանն այս ընթացքում ապացուցել է, որ չի պատրաստվում դառնալ Նիկոլ Փաշինյանի քաղաքական որոշումները ՍԴ որոշմամբ դակող մարմին, ուստի Փաշինյանը խնդիր ունի գրավելու Սահմանադրական դատարանը, որպեսզի ունենա լիակատար և միահեծան իշխանություն:

Այս քայլով Փաշինյանն ապացուցում է, որ ինքը երազում է կառուցել այնպիսի Հայաստան, ինչպիսին կար մինչ իր իշխանության գալը, այնպիսի Հայաստան, ինչպիսին ստեղծել էին նախորդ իշխանությունները. այն է` վերահասկելի դատական համակարգ, կանխատեսելի բարձրագույն դատական մարմին` նույնքան կանխատեսելի որոշումներով: Մինչդեռ այժմ Հայաստանում ստեղծված է բացառիկ պատմական շանս` ունենալու գործադիր և օրենսդիր իշխանությանը հակակշռող անկախ դատական իշխանություն: Այս պահին, ի դեմս Հրայր Թովմասյանի, ՍԴ-ն ունի բարձրագույն դատարանի ղեկավար, որը չունի քաղաքական կախվածություն գործող իշխանությունից, միաժամանակ ունի իրավական անկախություն, ինչը բավարար երաշխիք է առ այն, որ բարձրագույն դատական մարմինը կայացնելու է օրենքից և ոչ թե օրվա իշխանության քաղաքական շահերից բխող որոշումներ:

Գործադիր և օրենսդիր իշխանությունից անջատ և անկախ դատական համակարգը ժողովրդավրության թիվ մեկ առհավատչյան է: Երթե ՍԴ-ն դառնա վարչապետի ու նրա թիմի կցորդը, Հայաստանը վերջնականապես կկորցնի իրավական պետություն դառնալու հնարավորությունը, իսկ երկիրը հերթական անգամ կհայտնվի ընտրովի արդարադատության կեղտափոսում: Այս տեսանկյունից Սահմանադրական դատարանն իրավամբ այն առաջնագիծն է, որի դիրքերը զիջելը կնշանակի պարտվել անօրինականությանը, պարտվել փողոցային արդարադատությանը, օրենքը փոխել քաղաքական դատաստանով` վստահ լինելով, որ այդ նույն մսաղացն ունենալու է բումերանգի էֆեկտ:

Նիկոլ Փաշինյանի համար բացարձակ անընդունելի է անկախ դատական համակարգը, նա չի կարողանում դիմանալ գայթակղությանը և օր առաջ ուզում է ստեղծել դատավորների այն խավը, որը ոչ թե իրեն կզանգի, այլ թույլտվություն կհարցնի` այս կամ այն գործով ինչպիսի որոշում կայացնել: Մինչդեռ նա կարող էր ավելի շրջահայաց լինել և հասկանալ, որ անկախ դատարանն ապագայի միակ լույսն է, որը հետագայում երաշխավորելու է նաև իր մերձավորների կարգավիճակային և մնացած բոլոր իրավունքները:

hayeli.am

Նմանատիպ գրառումներ